Մատչելիության հղումներ

Քոնդոլիզա Ռայս. «ԱՄՆ-ը, Թուրքիան եւ Իրաքը կհամագործակցեն ընդդեմ քուրդ զինյալների»


Միացյալ Նահանգները, Թուրքիան եւ Իրաքը կհամագործակցեն ընդդեմ քուրդ զինյալների, որոնք Թուրքիայի վրա հարձակումներ են գործում հյուսիսային Իրաքից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը դեպի Անկարա թռիչքի ժամանակ օդանավում լրագրողների հետ զրույցում:

Ռայսը Քրդական աշխատավորական կուսակցության զինյալներին որակել է «ընդհանուր թշնամի» եւ հայտարարել, որ Միացյալ Նահանգները, Թուրքիան եւ Իրաքը պետք է արդյունավետ ռազմավարություն մշակեն նրանց դեմ:

Միաժամանակ, պետքարտուղարը Թուրքիային զգուշացրել է` չհատել Իրաքի սահմանը քուրդ զինյալների դեմ ռազմական գործողությունների համար, եւ հայտարարել է, թե ապակայունացումը Իրաքի հյուսիսում չի բխում ո’չ Միացյալ Նահանգների, ո’չ Իրաքի եւ ո’չ էլ Թուրքիայի շահերից:

Թուրքիայի մայրաքաղաքում այսօր նախատեսված են ԱՄՆ-ի պետքարտուղարի բանակցությունները Իրաքի իրավիճակի շուրջ: Նա հանդիպելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ, իսկ ավելի ուշ ներկա է լինելու Իրաքի հարցով կոնֆերանսին:

Կոնֆերանսին նախատեսվում է Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի, Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ պետությունների պաշտոնյաների մասնակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG