Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ափսոսանքով է ընկալում սահմանափակումներ պարունակող հրավեր ստանալու փաստը


ԵԱՀԿ-ի ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ափսոսանքով է ընկալում այն փաստը, որ առաջին անգամ իր պատմության մեջ մի պետությունից հրավեր է ստանում, որն իր մեջ սահմանափակումներ է պարունակում: Այս մասին հայտարարել է գրասենյակի մամլո խոսնակ Ուրդուր Գունարսդոտիրը` «Ազատություն» ռադիակայանին տված հարցազրույցում մեկնաբանելով Ռուսաստանում դեկտեմբերի 2-ին անցկացվելիք ընտրություններին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից ընդամենը 70 դիտորդ հրավիրելու փաստը:

«Սա աննախադեպ է: Այժմ մենք ուշադրությամբ քննության ենք առնում ուղարկված հրավերը, որպեսզի հասկանանք, թե ի՞նչ բարդություններ կարող է այն ի հայտ բերել` հստակ ու պրոֆեսիոնալ աշխատանք իրականացնելու ճանապարհին», - երեկ ասել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պաշտոնական ներկայացուցիչը:

2003 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ռուսաստանի տարբեր մարզերում ընտրությունների ընթացքին հետեւել էր ԵԱՀԿ-ի ավելի քան 400 դիտորդ:

Արեւմտյան մամուլի գնահատմամբ, ռուսական կողմի այս առաջարկը ԵԱՀԿ-ի դեմ պաշտոնական Մոսկվայի ծավալած լայնածավալ հարձակման տրամաբանական շարունակությունն է:

Անցած շաբաթ «Նյու Յորք Թայմս»-ը տեղեկացրել էր, որ Ռուսաստանը սեպտեմբերի 18-ին պաշտոնական փաստաթուղթ է հղել ԵԱՀԿ-ի անդամ պետություններին` առաջարկելով սահմանափակել կազմակերպության հովանու ներքո գործող դիտորդական առաքելությունների լիազորությունները: Մասնավորապես, առաջարկվում է դիտորդների թվի կրճատում մինչեւ 50 հոգի: Բացի այդ, Ռուսաստանն առաջարկում է արգելել ԵԱՀԿ-ի դիտորդներին ընտրությունների ընթացքին եւ ընտրական մթնոլորտին վերաբերող գնահատականներով հանդես գալ մինչեւ ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումը:

Ռուսաստանի այս նախաձեռնությունը պաշտպանել են ԱՊՀ-ի անդամ մի շարք պետություններ, այդ թվում` Հայաստանը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG