Մատչելիության հղումներ

Թեղուտի հանքավայրը շահագործվելու է


Կառավարության` հինգշաբթի օրը ընդունած որոշումներից երկուսը վերաբերում էին Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրին, որի դեմ բազմիցս իրենց մտահագություններն էին բարձրաձայնել բնապահպանները:

Հանքավայրը Armenia Copper Program ընկերությանը շահագործման է հանձնվելու 25 տարի ժամկետով: Հանքի շահագործման ժամկետը` 30-40 տարի: Նախատեսվում է առաջին փուլում տարեկան 7 միլիոն տոննա հանքաքարի արդյունահանում եւ վերամշակում: Շահագործման ծրագրով նախատեսվում է շուրջ 200 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում:

«Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի գործարկումը նորանկախ Հայաստանի Հանրապետության խոշորագույն ծրագրերից մեկն է», - լրագրողներին կառավարության նիստից հետո ասաց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը` հավելելով, որ խոսքը «տարեկան 270 միլիոն դոլար արտադրության մասին է»:

Անդրադառնալով բնապահպանական հարցերին` Երիցյանը ասաց. - «Եղել է շատ լայն քննարկում: Մեկ-երկու քննարկում էլ` իմ մասնակցությամբ: Մասնակցել են նաեւ Թեղուտի տեղական համայնքի ղեկավարը, մարզպետն ու մարզպետարանի ներկայացուցիչների, Շնողի տեղական համայնքի ներկայացուցիչները, եւ հանգել ենք այն եզրահանգմանը, որ այն օգուտները եւ եկամուտները, որ երկիրը կստանա այս ներդրումներից, գերազանցում են էապես այն ծախսերին, որը մենք ունենալու ենք` ներառյալ բնապահպանական ծախսերը»:

Ծրագրով նախատեսվում է հատել 357 հեկտար անտառ, ինչը, բազմաթիվ բնապահպանների գնահատականով, ավելի քան վտանգավոր բնապահպանական հետեւանքներ կունենա:

Երիցյանը այս կապակցությամբ վստահեցրեց, որ, իր տպավորությամբ, բնապահպանների մտահոգությունները «հիմնավոր չեն» եւ «գիտական լուրջ վերլուծության արդյունք չեն»:

Նա հիշեցրեց, որ 357 հեկտարը չի հատվելու միանգամից. հատվելու է տարեկան 12 հեկտար:

«Կառավարության կայացրած որոշման մեջ կա հստակ հանձնարարական բնապահպանության նախարարությանը եւ գյուղատնտեսության նախարարությանը, որպեսզի հստակ ծրագիր մշակեն, թե ինչ ձեւով են այդ անտառները հատվելու, ինչպես եւ որտեղ են վերականգնվելու», - ասաց Երիցյանը:

Վերականգնման եւ սանիտարական պահպանման ծախսերը նույնպես ստանձնելու է Armenia Copper Program-ը:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG