Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 2-ին հրավիրվում է Ազգային ժողովի արտահերթ նիստ


Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը չորեքշաբթի օրը որոշում է ստորագրել նոյեմբերի 2-ին խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու մասին: Արտահերթ նիստի նախաձեռնությամբ հանդես է եկել հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ազգային ժողովի մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նիստի օրակարգում ընդգրկված է Վերահսկիչ պալատի նախագահի նշանակման հարցը: Այդ պաշտոնում երկրի նախագահը առաջադրել է խորհրդարանի ներկայիս փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Իշխան Զաքարյանի թեկնածությունը:

Արտահերթ նիստում քննարկվելու է նաեւ «Հատուկ քննչական ծառայության մասին» օրինագիծը: Նախկինում նմանը չունեցած հատուկ քննչական այս ծառայությունը, կառավարության ներկայացրած նախագծով, իրականացնելու է իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայողների հանցագործությունների, ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերի նախաքննությունը: Ծառայության աշխատակիցներին նշանակում եւ ազատում է ծառայության պետը, իսկ վերջինիս` հանրապետության նախագահը` գլխավոր դատախազի ներկայացմամբ:

Անցած շաբաթ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկման ժամանակ հանձնաժողովի հանրապետական նախագահ Դավիթ Հարությունյանը եւ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը բազմաթիվ վերապահումներ էին հայտնել «Հատուկ քննչական ծառայության մասին» օրինագծի առնչությամբ: Մասնավորապես, ինչպես ընդգծել էին նրանք, Սահմանադրությամբ այսպիսի մարմնի ստեղծում նախատեսված չէ:

«Չի կարող լինել մարմին, որ չլինի ո’չ դատական, ո’չ օրենսդիր, ո’չ գործադիր», - շեշտել էր Դավիթ Հարությունյանը:

Ի վերջո, պայմանավորվածություն էր ձեռք բերվել նախագծի վրա լրացուցիչ համատեղ աշխատելու վերաբերյալ:

Խորհրդարանի ուրբաթ օրվա արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են նաեւ փոփոխություններ եւ լրացումներ քրեական, քրեական դատավարության, քրեակատարողական, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում, զինապարտության մասին, սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին, նվազագույն ամսական աշխատավարձի մասին եւ այլ օրենքներում:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG