Մատչելիության հղումներ

Շարունակվում ստուգումները Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությունում


Հայաստանի Հանրապետության Հարկային պետական ծառայության (ՀՀ ՀՊԾ) օպերատիվ հետախուզություն վարչության աշխատակիցները այսօր կրկին եկել էին Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերություն` շարունակելու հոկտեմբերի 29-ին սկսած ստուգումները:

Հեռուստաընկերությունում ստուգումները սկսվեցին այն բանից հետո, երբ հոկտեմբերի 14-ին ԳԱԼԱ-ն ամբողջությամբ եթեր հեռարձակեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթը:

Ժամը 12:30-ի մոտ ԳԱԼԱ հեռուստաընկերություն են այցելել ՀՀ ՀՊԾ օպերատիվ հետախուզություն վարչության առաջին բաժնի ավագ օպերլիազոր Հովիկ Հովհաննիսյանը, գլխավոր օպերլիազոր Հարություն Սուքիասյանը եւ օպերատիվ հետախուզություն վարչության առաջին բաժնի պետ Գագիկ Օհանյանը:

«Ես կուզեի, որ դուք մի հատ տեղեկանք տաք կամ բանավոր ասեք` մինչ այս պահը դուք ինչ-որ խախտումներ արձանագրե՞լ եք այս կառույցում», - այսօր մինչեւ ստուգումները սկսելը Գագիկ Օհանյանին հարց ուղղեց Վահան Խաչատրյանը: Օհանյանն ասաց, թե հարցին կպատասխանի միայն ստուգումներն ավարտելուց հետո:

Իսկ հարցին, թե արդյո՞ք իրենք են դեռ ստուգումները չսկսած «Հայոց Աշխարհ» թերթին տեղեկացրել «... ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատիրոջ «լեվի» բիզնեսներում հայտնաբերված խախտումների եւ չարաշահումների ... » (Հայոց աշխարհ, 31.10.2007) մասին, Գագիկ Օհանյանը այդպես էլ չպատասխանեց:

Այնուհետեւ Վահան Խաչատրյանը օպերլիազորների անձը հաստատող փաստաթղթեր պահանջեց, բայց, օպերատիվ հետախուզություն վարչության առաջին բաժնի պետ Գագիկ Օհանյանը չուներ համապատասխան վկայական: Ի վերջո, Գագիկ Օհանյանը թողեց ԳԱԼԱ հեռուստաընկերության տարածքը, ենթադրաբար, մեկնեց Երեւան՝ վկայականը բերելու: Հարկային երկու օպերլիազորները շարունակեցին ստուգման աշխատանքները: Ավելի ուշ նրանց միացան գյումրեցի գործընկերները, իսկ ժամը 17:50-ին Երեւանից նոր վկայականով վերադարձավ Գագիկ Օհանյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք մտավախություն չունի, որ իր գործողությունները ավելի խիստ ստուգում անցկացնելու կդրդեն հարկային օպելիազորներին, Վահան Խաչատրյանը պատասխանեց. - «Ես չեմ վախեցել ոչ մեկից, հիմա չեմ վախենում ոչ մեկից եւ ոչ մի բանից, ապագայում չեմ պատրաստվում վախենալ ոչ մի բանից եւ ոչ մեկից»:

Նա հավելեց նաեւ, որ իրենց դեմ սանկցիաները տեղափոխվել են նաեւ տնտեսական դաշտ. - «Մոտ երեք անգամ պակասել են մեր գովազդատուները: Երեւի մոտ օրերս մնացածներն էլ կհրաժարվեն գովազդ տրամադրելուց»:


Սաթենակ Վանցյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG