Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովը կանդրադառնա «սառեցված հակամարտություններին»


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովը, Միջազգային եւ անվտանգության խնդիրների գերմանական ինստիտուտի (SWP) հետ համատեղ «սառեցված հակամարտությունների» վերաբերյալ լսումներ կանցկացնի Բունդեսթագում (Բեռլին) 2007 թվականի նոյեմբերի 5-ից 6-ը` կենտրոնանալով Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի իրավիճակներին:

«Անդամակցելով Եվրոպայի խորհրդին` Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը եւ Մոլդովան պարտավորվեցին խաղաղ ճանապարհով կարգավորել այս հակամարտությունները», - ասված է Հայաստանում Եվրախորհրդի տեղեկատվական գրասենյակի տարածած հաղորդագրությունում: - «Ռուսաստանի Դաշնությունը այս խնդիրներից որոշների նկատմամբ եւս ստանձնեց կոնկրետ պարտավորություններ»:

Առաջին օրը լսումները կընթանան հանձնաժողովի անդամների եւ փորձագետների (պատմաբաններ, հետազոտողներ, միջազգային իրավունքի մասնագետներ, հետազոտական կենտրոնների ներկայացուցիչներ) միջեւ կարծիքների փոխանակման ձեւով եւ կօգնեն ճանաչված փաստերի վերաբերյալ քննարկումների միջոցով ճշտել հակամարտությունների կողմերի տեսակետները:

Հաջորդ օրը քննարկումներ կծավալվեն շահագրգիռ երկրների կառավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ: Այնուհետեւ հանձնաժողովը կեսօրին հանդիպում կունենա փակ դռների ետեւում` լսումների արդյունքները վերլուծելու նպատակով:

Լսումների ավարտին կհրավիրվի մամլո ասուլիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG