Մատչելիության հղումներ

Ինդոնեզիայի նախագահը ձայնասկավառակ է թողարկում


Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յոդհոյոնոն ձայնագրել եւ թողարկել է սիրո եւ կրոնի թեմաներով երգերի ալբոմ, որն անվանել է “My Longing for You” («Իմ կիրքը դեպ քեզ»):

«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, բոլոր 10 երգերը Յոդհոյոնոն ինքն է գրել՝ 2004 թվականին նախագահ ընտրվելուց հետո: Ալբոմի ձայնագրմանը մասնակցել են Ինդոնիզիայի մի շարք հայտնի կատարողներ:

Նախագահը երգերից մեկը ստեղծել է Ավստրալիայում՝ Ասիական եւ Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի օրերին:

«Թեպետ օրակարգս խիստ հագեցած էր, փորձում էի ժամանակ գտնել եւ արտահայտել զգացմունքներս՝ որպես շարքային մարդ», - ասել է Յոդհոյոնոն:

Նա հայտնել է, որ մեկ երգ գրելու համար իրենից մեկից մինչեւ երկուեւկես ժամ է պահանջվում:

«Ռոյթերզ»-ը նշում է, որ Յոդհոյոնոն նախկին գեներալ է: Մարդիկ նկատել են, որ նախընտրական շրջանում նա շատ հաճախ քթի տակ երգել է:

Յոդհոյոնոն Ինդոնեզիայում միակ երաժշտասեր քաղաքական գործիչը չէ: Զինված ուժերի շտաբի նախկին պետ Վիրանտոն, ով մտադիր է 2009 թվականի նախագահական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, արդեն թողարկել է սիրո երգերի ալբոմ, որի բոլոր երգերը հնչում են հեղինակային կատարմամբ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG