Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 23-ի քայլերթի մասնակիցներից 5-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել


Այսօր առավոտյան Կենտրոն եւ Նորք-Մարաշի ոստիկանության քննչական խումբը մեղադրանք է առաջադրել հոկտեմբերի 23-ի խաղաղ քայլերթի մասնակիցներից 5-ի նկատմամբ, ովքեր մինչ օրս կասկածյալի կարգավիճակում էին` «Այլընտրանք» նախաձեռնության խորհրդի անդամ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի, նախաձեռնության անդամներ Պետրոս Մակեյանի ու նրա երկու որդիների, «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանի:

Շողեր Մաթեւոսյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրանքը առաջադրվել է Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» համար: Նշված հոդվածով նախատեսված նվազագույն պատիժը տուգանքն է, առավելագույնը` 5 տարվա ազատազրկումը:

Բոլոր 5-ի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու ստորագրությունը:

Պետրոս Մակեյանը եւ նրա որդիները այս գործով կասկածյալի կարգավիճակում են, թեեւ Տիգրան եւ Կարեն Մակեյանները տուժել են հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում: Մասնավորապես, Կարենի աչքերը վնասվել են ոստիկանների օգտագործած արցունքաբեր գազից, ինչը հաստատվել է դատաբժշկական փորձաքննությամբ, իսկ Տիգրանն արդեն երկու օր է հիվանդանոցում է` գլխին ստացած հարվածների պատճառով:

«Չորրորդ իշխանություն» թերթի թղթակից, Ազգային ժողովրդավարական միության մամուլի պատասխանատու Գոհար Վեզիրյանը, ով հոկտեմբերի 23-ին իր մասնագիտական պարտականությունները կատարելիս ենթարկվել էր բռնությունների, երկու օր է հրավիրվում է հարցաքննության, սակայն` ոչ որպես տուժող:

«Ես երկու օրն էլ կանչվում եմ գործով որպես վկա եւ մանրամասն ցուցմունք եմ տալիս դեպքերի առնչությամբ, թե ես` որպես լրագրող, ի՞նչ եմ տեսել, ի՞նչ խոսակցություններ եմ լսել, եւ ընդհանրապես` ի՞նչ է կատարվել ինձ հետ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գոհար Վեզիրյանը: - «Առաջադրվել է մանրամասն նկարագրել այն «կարմիր բերետավորներին» ու քաղաքացիական համազգեստով տղամարդուն, որը հարվածել է ինձ, ինչի արդյունքում ես վնասվածք եմ ստացել»:

Գոհար Վեզիրյանը հայտնեց, որ դիմել է դատաբժշկին հոկտեմբերի 27-ին` «այսինքն, այն ժամանակ, երբ ինձ ուղեգիրը տրվել է»: Նախաքննության մարմինը դեռեւս չի ստացել փորձաքննության եզրակացությունը:

Լրագրողը ենթադրում է, որ եզրակացությունը տեղ հասնելուց հետո իրեն նորից կկանչեն, «որովհետեւ, այնուամենայնիվ, առերեսման խնդիրներ են առաջանալու, եւ երեւի արդեն իմ կարգավիճակը գործի մեջ փոխված կլինի, ինչ-որ բաներ հստակեցված ու պարզված կլինեն»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG