Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզա. «Մինչեւ եկող տարվա գարուն Ղարաբաղի հարցով շրջանակային համաձայնագիր կարող է ստորագրվել»


Հնարավոր է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մինչեւ եկող տարվա գարուն շրջանակային համաձայնագիր ստորագրեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար: Այդ մասին այսօր Բաքվում հայտարարել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները:

«Հնարավորություն կա, որ մինչեւ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարները ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ ինչ-որ տեսակի շրջանակային համաձայնագիր ստորագրեն», - ասել է ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:

Ըստ Բրայզայի, երեքշաբթի օրը Երեւանում համանախագահների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հնարավոր է համարել մինչեւ նախագահական ընտրությունները «ջենտլմենական համաձայնագրի» ստորագրումը:

«Ես ինքս այդ հարցը տվեցի նախագահին, եւ նա ասաց, որ այդպիսի հնարավորություն առկա է», - Բաքվում լրագրողներին ասել է Բրազյան` հավելելով. - «Սակայն, իհարկե, դա չի նշանակի բանակցային գործընթացի ավարտ»:

Ամերիկացի դիվանագետը հույս է հայտնել, որ Հայաստանի հաջորդ նախագահը կպաշտպանի նման համաձայությունը:

«Ասոշիեյթեդ փրես»-ը նշում է նաեւ, որ համանախագահները Բաքվում բանակցություններն ավարտելուց հետո վերադառնալու են Երեւան, ապա կրկին Երեւանից գնալու են Բաքու: Իրենց այս ծրագրերի մասին Բաքվում ասել է ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG