Մատչելիության հղումներ

Ամերիկյան վարչակազմը հայտարարում է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին


ԱՄՆ-ի կառավարությունը հինգշաբթի օրը հայտարարեց Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին` այդ երկրի միջուկային ծրագրի պատճառով: Դրանցով, ըստ էության, Միացյալ Նահանգները սառեցնում է այն կազմակերպությունների ու անհատների հաշիվները, որոնք սերտ հարաբերություններ ունեն Իրանի մի շարք կառավարական գործակալությունների եւ «Հեղափոխության պահապանների կորպուսի» հետ:

«Հեղափոխության պահապանների կորպուսին» ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը մեղադրում է ահաբեկչությանը սատարելու եւ զանգվածային բնաջնջման զենք տարածելու մեջ:

«Մենք ուզում էինք Իրանի հետ տարաձայնությունները լուծել դիվանագիտական ճանապարհով, սակայն պաշտոնական Թեհրանն անդրդվելի էր», - երեկ Վաշինգտոնում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը:

«Դժբախտաբար, Իրանի կառավարությունը մերժում է բաց բանակցություններ վարելու մեր առաջարկը, փոխարենը` շարունակում է զարգացնել միջուկային տեխնոլոգիաներ, որոնք կարող են, ի վերջո, հանգեցնել միջուկային զենքի ստեղծման, նախագծում է վտանգավոր բալիստիկ հրթիռներ ու աջակցում Իրաքում, Աֆղանստանում, Լիբանանում ու Պակիստանում գործող ահաբեկիչներին», - ասել է Ռայսը:

ԱՄՆ-ի վարչակազմը լիահույս է, որ այս նախաձեռնությանը կմիանան այլ երկրներ եւս: Երեկ նման կոչով է հանդես եկել ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Հենրի Փոլսոնը, ով, մասնավորապես, հայտարարել է. - «Հեղափոխության պահապանների կորպուսը» այնքան խորը արմատներ է ձգել Իրանի տնտեսության մեջ, որ այսօր Իրանի հետ ցանկացած գործարք, ըստ էության, նշանակում է գործարք «Հեղափոխությունների պահապանների կորպուսի» հետ»:

Արեւմտյան գործակալությունների հաղորդմամբ, վերջին տարիներին տնտեսական ոլորտում «Հեղափոխության պահապանների կորպուսի» հաջողություններն ու եկամուտները զգալի աճ են արձանագրել: Անցած տարի, մասնավորապես, «Հեղափոխության պահապանների կորպուսը» շահել է դեպի Պակիստան գազամուղ կառուցելու ծրագիրը` ավելի քան մեկ միլիարդ դոլար արժողությամբ, Թեհրանի մետրոն ընդարձակելու, ինչպես նաեւ Թեհրանի եւ Իսֆահանի միջեւ արագընթաց երկաթուղի կառուցելու լայնածավալ նախագծերը:

Ցուցակում, որտեղ նշված են իրանական այն ռազմական գործակալությունների, բանկերի եւ անհատների անունները, որոնց դեմ կիրառվելու են պատժամիջոցները, ընդգրկված է նաեւ «Մելլաթ» բանկը, որը Հայաստանում եւս մասնաճյուղ ունի:

Իրանը եւ Ռուսաստանը դատապարտել են պատժամիջոցների խստացումը:

Իրանի արտգործնախարարությունը դրանք անվանել է միջազգային օրենքին հակասող եւ համոզմունք է հայտնել, որ ձախողվելու են:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իր հերթին, ասել է, թե պատժամիջոցներն Իրանին «անկյուն կքշեն» ու կվատթարացնեն իրավիճակը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG