Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը «Առավոտ»-ի հարցազրույցում առաջին նախագահի քաղաքական վերադարձի մասին ասում է. - «Երբ կարդում ես Լեւոն Տեր-֊Պետրոսյանի ելույթը, մտածում ես, որ իրավիճակով մտահոգությունն է նրան ստիպում վերադառնալ: Բայց երբ տեսնում ես, որ նույն թիմով շրջապատված է, մտածում ես, որ ոչ թե մտահոգությունն է պատճառը, այլ այդ թիմի ցանկությունը»:

«Լեւոն Տեր-֊Պետրոսյանն ու ՀՀՇ֊-ն չնչին հնարավորություն իսկ չունեն հաղթելու նախագահի փետրվարյան ընտրություններում: 3֊-5 տոկոսը առավելագույնն է, ինչի մասին նրանք կարող են երազել», - գրում է «Հայոց Աշխարհ»-ը, պնդելով նաեւ, թե «հhշական ակտիվիստների եւ իրավապահների միջեւ հոկտեմբերի 23-֊ի բախումը ինքնըստինքյան այնքան էլ նշանակալի իրադարձություն չէ, սակայն բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ դա միայն առաջին ծիծեռնակն է»:

«Առավոտ»-ի խմբագրականը, անդրադառնալով Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի տեսակետին, թե իբր «Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրումը բացատրվում է Արեւմուտքի կողմից Հայաստանում իրավիճակը ապակայունացնելու փորձերով», հակափաստարկել է. - «Միացյալ Նահանգները մեր երկրում հեղափոխական ճանապարհով իշխանափոխություն իրականացնելու որեւէ մտադրություն չունի։ Դրա ապացույցներից մեկն այն ընդունելությունն էր, որին ԱՄՆ-ում արժանացել էր Սերժ Սարգսյանը։ Եթե Սերժ Սարգսյանը նախագահ չընտրվի, ԱՄՆ-ը, իհարկե, կաշխատի ընտրված նախագահի հետ։ Եթե ներկայիս վարչապետը նախագահ դառնա ճչացող ընտրակեղծիքներով, դա ամերիկացիները անպայման կարձանագրեն։ Բայց այստեղ հեղափոխություն կազմակերպել որեւէ երկիր չի պատրաստվում», - պնդել է գլխավոր խմբագիրն ու եզրակացրել. - «Հայաստանում իշխանության հարցը կարող է լուծել միայն Հայաստանի ժողովուրդը՝ իր ակտիվությամբ կամ պասիվությամբ, իր համախմբմամբ կամ պառակտմամբ»։

«Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանը, Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի քաղաքական բնութագրերը ուրվագծելով, նկատել է. - «Ակնհայտ է, որ իր շրջապատում քաղաքական թզուկներ ունենալը թեթեւացնում է եւ թեթեւացրել է Հայաստանի առաջին նախագահի քաշը, որ նա ուներ, քանի դեռ լռում էր։ Ակնհայտ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը իբրեւ ամպհովանի օգտագործելով՝ ոմանք փորձում են իրենց այլընտրանքային քաղաքական գործոն համարել։ Ակնհայտ է, որ այդ ամենի մեջ անթաքույց սադրանք կա սեփական ժողովրդի հանդեպ, որին փորձում են կրկին ներքաշել զգացմունքախաղի մեջ։ Ակնհայտ է, որ փուչիկը շատ փչելուց պայթելու է, հետեւաբար, պետք չէ այն օգտագործել օդ բարձրանալու համար, որովհետեւ օդից գետին ընկնելը շատ ավելի ցավոտ է»։

Հոկտեմբերի 23-ի բռնությունների թեման արծարծելով` «Տարեգիր» թերթի մեկնաբանը շեշտադրել է. - «Վերջին մի քանի օրերին ոստիկանության որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց գործողություններով ու ելույթներով արատավորեցին առանց այդ էլ արատավորված ոստիկանի կոչումը: Շատերը համոզվեցին, որ նրանք բարոյական իրավունք չունեն ոստիկանի համազգեստ կրելու, քանի որ նրանք առաջնորդվում են բարձրագույն իշխանության մեջ բույն դրած հովիկաբրահամյաններին ու սերժիկսարգսյաններին քծնելու բնազդով, եւ այդ բնազդը զուգորդվում է ժողովրդի, պետականության, երկրի ապագայի հանդեպ նրանց մեջ արմատացած արհամարհանքին: «Գործ սարքելու», «ջեբը պլան գցելու», մարդուն նսեմացնելու՝ սովետական կեղտոտ մեթոդներից ժողովուրդը զզվել է վաղուց: Ժողովուրդը հարգում է ոչ թե ապօրինի հրաման կատարող եւ իրեն բռնության ենթարկող, ոչ թե նենգաբար ու բացահայտորեն ստող, այլ իսկապես հասարակական կարգը պահպանող, իր երկրի քաղաքացու իրավունքները պաշտպանող եւ պարտականություններին քաջատեղյակ ոստիկանին»:

Նույն օրվա դեպքերի առիթով «Հայկական Ժամանակ»-ը, հղում անելով հարուցված քրեական գործի նյութերին, պնդում է, որ Կենտրոնի ոստիկանության բաժանմունք է հրավիրված եղել բժիշկ, որը համապատասխան սարքավորումներով ստուգումներն անցկացնելուց հետո արձանագրել է, որ բերման ենթարկվածներից տասը սթափ վիճակում են, իսկ «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանի մոտ ալկոհոլի օգտագործման ցուցանիշը կազմել է 0,11, ինչպիսի քանակությունը, գրում է թերթը, «առաջանում է անգամ լիկյորով երկու կոնֆետ ուտելիս»: «Սա՝ ի պատասխան փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանի հայտարարության, թե «օրվա ակցիայի մասնակիցների մի մասը հարբած է եղել եւ գործել է ալկոհոլի ազդեցության տակ», - գրել է «Հայկական ժամանակ»-ը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG