Մատչելիության հղումներ

ԱՄՆ-֊ը լրացուցիչ պատժամիջոցներ սահմանեց Իրանի նկատմամբ


Այսօր Միացյալ Նահանգները լրացուցիչ պատժամիջոցներ սահմանեց Իրանի նկատմամբ այդ երկրի միջուկային ծրագրի պատճառով:

Պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը եւ ֆինանսների նախարար Հենրի Փոլսոնը հայտարարեցին, որ պատժամիջոցները վերաբերում են Իրանի 22 կառավարական գործակալությունների, բանկերի եւ անհատների, այդ թվում` այսպես կոչված «հեղափոխության պահապաններին», որոնց նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը մեղադրում է ահաբեկչությանը սատարելու եւ զանգվածային բնաջնջման զենքը տարածելու մեջ:

«Սա նշանակում է, որ ԱՄՆ-֊ի ոչ մի քաղաքացի կամ մասնավոր կազմակերպություն իրավունք չի ունենա ֆինանսական հարաբերություններ պահպանել այս անձերի կամ կազմակերպությունների հետ», -֊ պարզաբանել է Ռայսը:

«Ֆրանսպրես»-֊ի վկայությամբ՝ նոր պատժամիջոցների սահմանումը էլ ավելի կսրի ԱՄՆ-֊ի եւ Իրանի հարաբերությունները:

«Ռոյթերզ» գործակալությունը Լոնդոնից հաղորդում է, որ Մեծ Բրիտանիան ողջունում է ԱՄՆ-ի դիրքորոշումը, միանում է ԱՄՆ-ին եւ պատրաստ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հանդես գալ Իրանի նկատմամբ պատժամիջոցների երրորդ փաթեթն ընդունելու նախաձեռնությամբ:

Այսօր Համբուրգում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտեյնմեյերը հանդիպում է Իրանի միջուկային խնդրով նախկին եւ ներկայիս բանագնացներ Ալի Լարիջանիի եւ Սաեդ Ջալիլիի հետ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG