Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ»-ի գլխավոր խմբագիրը «Մերօրյա Գապոն քահանաները որեւէ նոր բան չցուցադրեցին» խորագրի ներքո գրում է. - «Բնավ առաջին դեպքը չէ, երբ սրանք [«Այլընտրանք»-ի ակտիվիստները] կանխամտածված անում են ամեն ինչ, որ իրավապահները ստիպված լինեն ուժ գործադրել։ Հիշենք թեկուզ հայտնի միջադեպը ԱԱԾ շենքի մոտ։ Ոչ մի նոր բան հեղափոխական ակտիվիստները մեզ չցուցադրեցին։ Բոլոր այդ մեթոդները մանրամասնորեն նկարագրված են արդի գունավոր հեղափոխականների «աստվածաշնչում»՝ Ջին Շարփի «Բռնապետությունից դեպի ժողովրդավարություն» գրքում»:

«Ազգ»-ի գլխավոր խմբագիրը, մատնանշելով, թե «նախընտրական ասպարեզում իրար դեմ են կանգնած հակադիր թեւերը», պատկերել է. - «Առաջինը՝ խորհրդարանական ընտրություններից հետո առավել ուղղահայաց ենթակայացված իշխանական կառույցները Հանրապետական կուսակցության ու նրա լիդերի գլխավորությամբ, իսկ մյուս կողմում՝ հետզհետե բեւեռացող ընդդիմությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջը։ Հանրապետականի մեծագույն առավելությունը մնալու է հեռուստատեսության անխնա ու միակողմանի օգտագործումը, որը բումերանգի էֆեկտով օրինական իրավունք է տալիս Լեւոն Տեր-Պետրոսյանին ու դաշնակիցներին դիմելու հանրահավաքային քարոզչության ձեւերին, որոնք, առավել սրտամոտ են ՀՀՇ-ին ու նրա լիդերին»: «Այս պարագայում, ՀՀՇ-ն ու նրա առաջնորդն ստանում են մի հրաշալի առավելություն՝ անվտանգության մարմինների բրտությունն ու բռնություններն օգտագործել հենց իշխանության եւ իշխանական թեկնածուի դեմ, հակամարտության եւ ատելության մթնոլորտում չխորշելով անգամ միջադեպեր հրահրելու տարբեր տեխնոլոգիաներից», - եզրափակել է խմբագրականը։

«168 ժամ» թերթի խմբագրականը, իր հերթին, գնահատել է. - «Հոկտեմբերի 23-ի իրադարձությունները, մեղմ ասած, զարմանալի արդյունքներ արձանագրեցին։ Գրեթե բոլոր քաղաքական կուսակցությունները միաբերան դատապարտեցին Ոստիկանության կողմից իրականացված բռնարարքները, մինչդեռ, Ոստիկանությունը հարցը ներկայացրեց այնպես, որ իբր իրականում մի քանի տասնյակ ցուցարարներն են հարձակվել իրավապահների վրա: Ընդ որում, քաղաքական շրջանակներում քննարկվող հիմնական թեման այն էր, թե «ո՞ւմ էր սա ձեռնտու»։ Պատահական չէ, որ նույնիսկ իշխանամետ ուժերն էին Ոստիկնության գրոծողություններն անվանում «հիմարություն»։ Հետաքրքիր է, որ առ այսօր Ոստիկանության բարձաստիճան ղեկավարներից որեւէ մեկը չի ստանձնել «օպերացիայի» պատասխանատվությունը։ Մինչդեռ, նույնիսկ ահաբեկչական գործողությունների դեպքում այդպիսիք գտնվում են»։

«Մի խումբ ծայրահեղականներ» վերնագրի ներքո «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը պարզաբանում է. - «Եթե հոկտեմբերի 26-ի հանրահավաքին նախապատրաստվող ընդդիմությունը հատուկ ծրագիր մշակեր` իր միջոցառումը գովազդելու համար, նա, հավանաբար, չէր հասնի այն արդյունքին, որն իրեն սկուտեղի վրա մատուցեց հայրենի ոստիկանությունը: Սակայն, քանի որ մենք գիտենք, որ իրավապահները նման քայլերի չեն դիմում առանց «ամենավերեւի» հրահանգի, կարելի է վստահաբար ասել, որ հանրահավաքի գովազդողի դերում կամա թե ակամա հանդես եկավ անձամբ Ռոբերտ Քոչարյանը»:

Անդրադառնալով Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ հոկտեմբերի 23-ի դեպքերին փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի տված բացատրությանը` «Հայք»-ի խմբագրականը գնահատել է. - «Թյուրիմացության մեջ գցելով պատգամավորներին եւ «Հ1»-ի օգնությամբ նաեւ՝ ՀՀ քաղաքացիներին, նա հայտարարեց, թե իբր հոկտեմբերի 26-ի հանրահավաքի մասին բարձրախոսով տեղեկացնողները փակել են փողոցներ՝ խաթարել փողոցային երթեւեկությունը։ Նա նույնիսկ սպառնաց, որ այսուհետ եւս ոստիկանները կատարելու են իրենց «օրինական» պարտքը։ «Սպառնալը սպառնաց, բայց նրա տեսքը եւ կերկերացող ձայնը հուշում էին, որ նա մատնված է սարսափի», - գրել է թերթն ու հավելել. - «Հովիկ Աբրահամյանը կարծես հասկացել է, որ աշխարհում ամեն ինչ չէ, որ իր եւ Սերժ Սարգսյանի ծրագրածով է լինում»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG