Մատչելիության հղումներ

Փոխվարչապետը արձագանքում է անցած գիշերվա իրադարձություններին


Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր Ազգային ժողովում պարզաբանելով անցած գիշերվա իրադարձությունները, երբ մայրաքաղաքի Կենտրոն համայնքի ոստիկանություն բերման էին ենթարկվել «Այլընտրանք» նախաձեռնության մի շարք ղեկավար անդամներ, ասաց, թե «ամեն ինչ կարելի էր անել քաղաքակիրթ ձեւով` մտածելով Հայաստանի իմիջի մասին»:

«Այնպես չէ, որ կառավարությունը պիտի թույլ տա, որ բոլորը, ամբողջ ճանապարհները փակվի, սկսեն երթ անել` առանց արտոնված լինելու», - բառացիորեն ասաց Աբրահամյանը` շարունակելով. - «Եվ, իմ կարծիքով, խմբակցությունները [լավ կլիներ], քննարկեին, նաեւ հասկանային, թե ինչու համար է, ո՞ւմ է ձեռնտու, ո՞ւմ ջրաղացին են ջուր լցնում ընդհանրապես»:

«Երեւի դուք շատ լավ հասկանում եք, որ դա կառավարությանը ընդհանրապես ձեռնտու չէ, իշխանություններին ձեռնտու չէ, բայց մենք էլ չենք կարող թույլ տալ, որ մի քանի հոգի կազմակերպվեն եւ կազմակերպված ձեւով հասարակական կարգը խախտեն, խուլիգանություն եւ այլ գործընթացների մեջ մտնեն», - շարունակեց Աբրահամյանը` հավելելով, որ ոչ միայն կառավարությանը, այլեւ օրենսդրին ձեռնտու չէ, որ երկրում անիշխանություն տիրի, հետեւաբար ոստիկանությունը պարտավոր է օրենքով սահմանված կարգով իրականացնել հասարակական կարգի պահպանությանն ուղղված իր լիազորությունները:

«ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը հիշեցրեց, որ երեկվա երթը եղել է սահմանադրական կարգի շրջանակներում եւ որ քաղաքապետարանն իրազեկված է եղել այդ մասին:

Բացի այդ, պատգամավորն այսպիսի դիտարկում արեց. - «Հայաստանի Հանրապետության վարչապետը երբ բացակայում է հանրապետությունից, կա’մ սպանություն է լինում, կա’մ նման մի տհաճ միջադեպ: Շատ վտանգավոր է, որ Հայաստանում տեղի են ունենում նման զարգացումներ, որոնք հարվածում են Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը: Եվ այս առումով կառավարության պատասխանը ադեկվատ չէ»:

Հովիկ Աբրահամյանը հորդորեց հավատալ պաշտոնական տեղեկատվությանը եւ ավելացրեց. - «Մենք կողմնակից ենք, որ քաղաքակիրթ պայմաններով գնանք ընտրության: Այդ ձեռագիրը մեզ ծանոթ է: Այդ ձեռագիրը չի գործելու այս անգամ»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG