Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ժամանակ Երեւան»-ը «Երկու ահը մի մահ է» վերնագրված խմբագրականում գրում է. - «Իշխանությունը չբավարարվեց ընդդիմության դեմ պայքարի` իր տնօրինության տակ եղած օրինական միջոցներով եւ անցավ պայքարի անթույլատրելի մեթոդների: Երեկ կրկին բացահայտվեց այս իշխանության իրական դեմքը, որն իրեն ենթակա ոստիկանական ուժերին պատրաստ է օգտագործել սեփական ժողովրդի դեմ»: «Որքան պետք է իրեն կորցրած լինի այս իշխանությունը, ինչքան պետք է մեծ լինի նրա սարսափը ժողովրդի փողոց դուրս գալու փաստից, ինչպիսի անասնական վախ պետք է զգա մի քանի օր անց հրավիրվելիք հանրահավաքից, որ նման քայլի դիմի», - գրում է թերթը` երեկվա միջադեպից անելով, մասնավորապես, այս հետեւությունը. - «Սա նշանակում է, որ այս իշխանության դիրքերը շատ ավելի խախուտ են, քան կարելի է ենթադրել: Նա խուճապի մեջ է դեռ չկայացած հանրահավաքի ուրվականից եւ ամեն ինչ անում է մարդկանց վախեցնելու ու հանրահավաքին մասնակցելու մտքից հրաժարեցնելու համար»:

«Հայք»-ը «Արգելում են անգամ բարեւել» վերնագրի ներքո գրում է. - «Ոստիկանության մեր աղբյուրների պատմելով` ոստիկաններին հստակ արգելվել է հոկտեմբերի 26-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ անգամ բարեւել ընդդիմության ներկայացուցիչներին: Ավելին, ոստիկաններին նախազգուշացրել են, որ հակառակ դեպքում նրանք կենթարկվեն պատասխանատվության»: «Ի դեպ, մինչեւ հիմա բոլոր այն վայրերը, ուր այցելել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոստիկանները պատիվ են տվել նրան` իրենց հարգանքը ցույց տալով նրա հանդեպ», - տեղեկացնում է թերթը եւ եզրակացնում. - «Իշխանությունները, փաստորեն, նյարդայնացել են անգամ այդ փաստից»:

«Հայկական ժամանակ»-ը փաստել է, որ «Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երեկ ընդհատել է իր երկօրյա այցը Հայաստանի Հանրապետություն եւ վերադարձել Իրան՝ այդպես էլ չայցելելով Ցեղասպանության հուշահամալիր, որտեղ արդեն փորված էր վերջինիս անունով եղեւնու համար նախատեսված փոսը». - «Չնայած սրան, Իրան հասնելով՝ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ իր այցը չի ընդհատվել եւ դեռ մեկուկես ժամ էլ երկար է տեւել»։ «Այդ դեպքում, սակայն, հասկանալի չէ, թե ինչու նախապես փորված վայրում այդպես էլ չի տնկվել Իրանի նախագահի անունով եղեւնին», - հարցրել է թերթն ու եզրահանգել. - «Ակնհայտ է, որ Ահմադինեժադի հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տալիս. փոսը չէր փորվի, եթե նախնական պայմանավորվածություն չլիներ։ Ի դեպ, երեկ կեսօրին մոտ փոսն արդեն լցված էր»։

«Պատգամավորները իրավունք չունեն կարծիք հայտնել» վերնագրի տակ «Չորրորդ իշխանություն» թերթը փոխանցել է. - «Երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի ՀՀԿ-ի խմբակցության նիստի ընթացքում ՀՀԿ-ական պատգամավորներին հրահանգվել է հնարավորինս քիչ շփվել լրագրողների հետ ու ավելորդ ոչ մի բառ չարտասանել։ Նման հրահանգի պատճառը, բնականաբար, նախագահական ընտրություններն են եւ հարազատ Սերժ Սարգսյանին չվնասելու ՀՀԿ-ականների ձգտումը։ Իսկ նման հրահանգի առիթը տվել է փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի հեռուստաելույթը։ Այդ ելույթն ակնհայտորեն դուր չի եկել ոչ միայն ՀՀԿ-ական շատ պատգամավորների, այլեւ Սերժ Սարգսյանի PR-չշիկներին»։

Նույն թերթը, պնդելով, որ վերջին շրջանի «թանկացումների հրահանգը ամենավերեւից է իջել», հիմնավորել է. - «Հաշվարկը շատ պարզ է. Սերժ Սարգսյանին ընտրությունների ժամանակ փող է պետք լինելու։ Շա՛տ փող։ Բայց ընտրություններից մեկ ամիս առաջ թանկացումները «լավ չեն նայվի», դրա համար էլ որոշվել է թալանը սկսել հիմա, իսկ ընտրություններից մեկ ամիս առաջ որոշ բաներ մի քիչ էժանացնել։ Շատ չէ` ընդամենը մեկ ամսով։ Այնպես որ, ժողովուրդը պիտի շատ լավ հասկանա, որ այսօր վաճառականները իրենց թալանում են, որպեսզի փետրվարին այդ թալանի կռճոններն ընտրակաշառքի տեսքով վերադարձնեն», - գրել է թերթն ու եզրակացրել. - «Սերժ Սարգսյանի տրամաբանությունը հասկանալի է: Դե, եթե դուք ձեր ձայները ծախում եք, ես էլ առնելու համար փող եմ հավաքում, էլ ինչի՞ դեմ եք բողոքում»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG