Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանը հավանություն տվեց Իրաքի հյուսիսում ռազմական գործողություններ սկսելուն


Թուրքիայի խորհրդարանը երեկ կողմ քվեարկեց Իրաքի հյուսիսում քուրդ գրոհայինների դեմ ռազմական գործողություններ սկսելու` կառավարության առաջարկին: Քվեարկության արդյունքների հրապարակմանը հետեւեցին բուռն ծափահարություններ` կողմ էր քվեարկել 507, դեմ` 19 պատգամավոր:

Խորհրդարանի նախագահ Քոքսալ Թոփթանն ասել է, թե ընդունված որոշումը մեկ տարի ուժի մեջ է:

Որոշումն ընդունվեց` չնայած Միացյալ Նահանգները, Իրաքը, ՆԱՏՕ-ն Թուրքիային հորդորում էին հրաժարվել Իրաք ներխուժելու ծրագրից, քանի որ դա կապակայունացնի տարածաշրջանը:

Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը Սպիտակ տանը անցկացրած ճեպազրույցում ասել է. - «Մենք շատ հստակ հասկացրել ենք, որ չենք կարծում, թե զորքերն Իրաք ուղարկելը բխում է նրանց շահերից: Նրանք արդեն Իրաքում տեղակայված զորքեր ունեն, եւ չենք կարծում, թե պետք է նոր զորքեր ուղարկել»:

Արձագանքելով Բուշի խոսքերին` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ասել է, թե կարեւորը խորհրդարանի որոշումն է:

Իրաքի հյուսիսի քրդաբնակ շրջանի տեղական իշխանությունները հայտարարել են, թե քուրդ անջատողականների դեմ Թուրքիայի հարձակումները արդյունավետ չեն լինի եւ միայն վնաս կհասցնեն տարածաշրջանի կայունությանը:

Քրդական աշխատավորական կուսակցությունը արդեն հայտարարություն է տարածել, թե իր զինյալները ամբողջովին պատրաստ են թուրքերի ռազմական որեւէ հարձակման եւ կպաշտպանեն քրդերին եւ նրանց շահերը «մինչեւ արյան վերջին կաթիլը»:

Ինչպես «Ռոյթերզ» գործակալությանը հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարարության բարձրաստիճան մի պաշտոնյա, երկրում վերջին զարգացումների հետ կապված` ուժեղացվել է Բաքու - Ջեյհան նավթատարի անվտանգության ապահովումը: Նա ասել է, թե հիմա, երբ սպասվում է, որ Թուրքիան Իրաք կմտնի քուրդ գրոհայինների դեմ ռազմական գործողությունների համար, նավթատարի դեմ կարող են սպառնալիքներ լինել Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների կողմից:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG