Մատչելիության հղումներ

Ամերիկայի հայկական համագումարը կոնգրեսականներին կոչ է անում չենթարկվել ճնշումներին


Ամերիկայի հայկական համագումարը չորեքշաբթի օրը կրկին դիմել է կոնգրեսականներին` Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի ընդունման հարցում Թուրքիայի կառավարության ճնշումներին չենթարկվելու կոչով:

Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը երեկ կայացած ասուլիսի ժամանակ քննադատեց Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը քննարկման դնելու մտադրությունը` մասնավորապես, հայտարարելով. - «Իր բոլոր պատախանատվություններից ելնելով` Կոնգրեսը չպետք է առանձնացնի Օսմանյան կայսրության պատմության այս հատվածը: Կոնգրեսը ունի ավելի կարեւոր աշխատանքներ, քան մահմեդական աշխարհում մեր ժողովրդավարական դաշնակցին մեր դեմ թշնամացնելն է»:

Հակադարձելով այդ պնդումներին` Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Եթե կարող ենք ընդդիմանալ Չինաստանին, ինչո՞ւ ենք վախենում կանգնել ընդդեմ Թուրքիայի»:

Բուշը, առանց հաշվի առնելու Չինաստանի ներքին գործերին միջամտելու` պաշտոնական Պեկինի հորդորները, հենց նույն օրը ընդունել էր Տիբեթի վտարանդի առաջնորդ Դալայ Լամային:

«Հայոց ցեղասպանության բանաձեւի նպատակն է` պատմել աշխարհին 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին, սակայն, դժբախտաբար, կանգ ենք առել մերժողական այս արշավի դեմ, եւ ժամանակն է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը ապացուցի, որ չի ենթարկվում օտար կառավարության շանտաժներին», - շեշտեց Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրենը:

Նրա խոսքերով, «թուրքական կողմի բազմամիլիոն դոլարների լոբբինգը հենվում է վախի մթնոլորտ տարածելու սկզբունքի վրա, բայց հավատում ենք, որ Ամերիկայի Կոնգրեսը թույլ չի տա, որ Թուրքիայի կամ որեւէ այլ երկրի կառավարություն թելադրի, թե ի՞նչ հարց պետք է քննարկի կամ չքննարկի ԱՄՆ-ի Կոնգրեսը»:

Արդունին նշեց, որ լինում են շատ այլ հարցեր, որոնք լիագումար նիստ են մտնում ավելի քիչ ձայներով եւ անցնում են, իսկ «մենք այսօր ունենք ուժեղ աջակցություն»:

Ինչ վերաբերում է այն կոնգրեսականներին, ովքեր հրաժարվել են բանաձեւին իրենց աջակցությունից, ապա նրանց համար, ինչպես ընդգծեց Ամերիկայի հայկական համագումարի տնօրենը, «ապագայում շատ դժվար է լինելու ընդհանրապես խոսել մարդու իրավունքների պաշտպանության որեւէ մի հարցի մասին, եթե չեն աջակցում այս պարզ, ընդունելի բանաձեւին». - «Չէ՞ որ սա նույնպես մարդու իրավունքների պաշտպանության հարց է ու ԱՄՆ-ի պատվի խնդիր»:

Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձեւին աջակցող կոնգրեսականների թիվը նվազել է` 225-ից հասնելով 214-ի: Միայն հոկտեմբերի 15-ին աջակցությունից հրաժարվել է 7, իսկ հոկտեմբերի 16-ին` եւս 4 կոնգրեսական: Բանաձեւի ընդունվելու համար հարկավոր է առնվազն 218 ձայն:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

(Լուսանկարում` Բրայան Արդունի եւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG