Մատչելիության հղումներ

Ամերիկացի լրագրողները պաշտպանված են լինելու տեղեկատվության աղբյուրը հրապարակելու պարտադրանքից


Ամերիկյան Կոնգրեսի ստորին պալատը երեկ ընդունել է օրենք, որը լրագրողներին պաշտպանելու է տեղեկատվության աղբյուրը հրապարակելու պարտադրանքից: Սպիտակ տունը սպառնացել է վետո դնել օրենքի վրա, պնդելով, որ այն կարող է խթանել գաղտնի տեղեկությունների հրապարակումը:

Օրենքը, որն ընդունվել է ձայների 398-֊21 հարաբերակցությամբ, այնուամենայնիվ, պարտադրում է լրագրողներին հրապարակել տեղեկատվության աղբյուրը, եթե դա անհրաժեշտ է ահաբեկչությունը կանխելու կամ ազգային անվտանգությունն ապահովելու համար:

Սակայն, ինչպես փաստում է «Ասոշիեյթեդ փրես»-֊ը, դա չի բավարարել Սպիտակ տանը, որը հայտարարել է, թե «լրագրողներին շնորհած արտոնությունները կարող են էապես սահմանափակել ահաբեկչական գործողությունները եւ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները բացահայտելու հնարավորությունը»:

«Մամուլի ազատությունը հիմնարար նշանակություն ունի մեր ժողովրդավարության եւ մեր անվտանգության համար»,֊ - ասել է Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին:

Մեկնաբանները դժվարանում են կանխատեսել, թե օրենքին ինչ ճակատագիր է սպասում Սենատում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG