Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ազգ»-ը, անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանի Երեւանի գրասենյակ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այցին, ենթադրում է. - «Լեւոն Տեր-Պետրոսյանը կսկսի այցելել նաեւ տարբեր լրատվամիջոցներին եւ, հետեւաբար, հարց է առաջանում, արդյո՞ք կայցելի այն թերթերի խմբագրությունները, որոնց փակմանն ակտիվ կերպով նպաստել է»:

Ներկա սոցիալական վիճակը համեմատելով 90-ականների առաջին կեսի պայմանների հետ` «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը նկատել է. - «Այժմ մարդկանց պետք է նորմալ աշխատավարձ, արժանապատիվ կյանք, արդարություն, օրինականության մթնոլորտ եւ այլն: Այդ պահանջարկը բավարարելու համար անհրաժեշտ է դարձյալ դուրս գալ օրվա կարծրատիպերի սահմաններից: Ներկայիս լճացած համակարգը տեղից շարժվելու է միայն հեղափոխական մոտեցումներով: Հեղափոխական` այդ բառի ոչ «գունավոր» իմաստով: Պարզ է, որ մեր ժողովուրդը փողոց դուրս չի գա, նախագահական պալատը չի գրոհի եւ նույնիսկ իշխանափոխություն չի պահանջի: Բայց ակնհայտ է նաեւ, որ երրորդ նախագահը (ով էլ դառնա) պետք է լինի չափազանց վճռական: Եվս 10 տարի այսպես շարունակել ուղղակի հնարավոր չէ»:

«Ազգ» թերթի մեկնաբանը, իր հերթին զուգահեռելով անկախության արշալույսի եւ ներկա իրողությունները, շեշտադրել է. - «Ակնհայտ է, որ շարքային քաղաքացիները, ովքեր մոտ 20 տարի առաջ վստահել եւ իրենց հույսը կապել էին համազգային շարժման ու նրանց ղեկավարների, ապա՝ երկրի 1-ին նախագահի հետ, բազմաթիվ զրկանքների միջով անցնելու կես ճանապարհին տեսնելով, որ իշխանություններն անջրպետվեցին թե՛ իրենցից, թե՛ համազգային խնդիրներից, մինչեւ այսօր իրենց խաբված են զգում: Վստահության այն պաշարը, որն ուներ 1-ին նախագահը մինչեւ 1994-95 թվականները, ցավոք, չի ունենա նրա մոտակա հաջորդներից եւ ոչ մեկը»: «Այդ վստահությունն ու հավատը կորցնելն էր ամենամեծ բացթողումը, սխալը», - որակել է մեկնաբանն ու հավելել. - «Առանց այդ հարցերին անդրադառնալու, միանգամից քաղաքականություն վերադառնալու, ժողովրդի կարճ հիշողության վրա հույս դնելու կամ այդ մասին նույնիսկ չմտածելու փոխարեն արժե՞ ինչ-որ ձեւ, ժամանակ ու հարմար առիթ գտնել ինչ-որ չափով ինչ-որ բան բացատրելու համար այս երկրի քաղաքացիներին: Թե՞ ազգովին մեղավոր ենք ու արժանի՞ չենք բացատրության: Թող որոշի երկրի առաջին նախագահը»:

«Հայք»-ի փոխանցմամբ` վարչապետ Սերժ Սարգսյանի համար աշխատանքային է եղել նույնիսկ անցած կիրակին։ Թերթի տեղեկություններով, նա այդ օրը հանդիպել է Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ նրանց հրահանգներ տվել՝ կապված ընդդիմության հանրահավաքների հետ։ Սակայն, ըստ թերթի, Սերժ Սարգսյանի հրահանգը միանշանակ չի ընդունվել. - «Նախ՝ բոլորին են հայտնի ոստիկանությունում առկա տրամադրություններն ու խմորումները, եւ հետո, յուրաքանչյուրը աչքի առաջ ունի նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Վարյանի օրինակը։ Վերջինս անմնացորդ ծառայում էր վարչակազմին՝ բռնությունների ենթարկելով ընդդիմադիր ակտիվիստներին, բայց նրա ծառայությունները հավուր պատշաճի չգնահատվեցին, եւ Վարյանին ուղղակի դուրս շպրտեցին համակարգից»:

«Ժամանակ-Երեւան» թերթի տեղեկությունների համաձայն, «դեկտեմբերի սկզբից սառեցվելու են հայաստանցի օլիգարխների եւ պաշտոնյաների օտարերկրյա բանկերում գտնվող բանկային հաշիվները». - «Հայտնի է, որ այդ բանկային հաշիվները գոյացել են անօրինական ճանապարհով գոյացած միջոցներից, եւ դրանք սառեցնելով Արեւմուտքը նպատակ ունի կանխել այդ միջոցների օգտագործումը նախագահական ընտրությունների ժամանակ»։

Սննդամթերքի վերջին շրջանի թանկացումների խնդիրը դիտարկելով` «Չորրորդ իշխանություն» թերթի վերլուծաբանը գնահատել է. - «Հայաստանի պրոբլեմը մեծ հաշվով ոչ թե, ասենք, Սամվել Ալեքսանյանի կամ մեկ այլ օլիգարխի ագահությունն է, այլ այն, որ պետական կառույցները (մաքսայինն ու հարկայինը) ուրիշներին թույլ չեն տալիս սննդամթերք ներմուծել Հայաստան»։ «Թող 20-30 կազմակերպություններ կարագ ու բուսական յուղ ներմուծեն՝ կտեսնենք Սամվել Ալեքսանյանն ինչպես է երկու օրում կրկնակի բարձացնելու գները», - նկատել է վերլուծաբանն ու հավելել. - «Հենց որ Հայաստանում մրցակցությունը թույլատրվի, հակառակ պրոցեսը կսկսվի, եւ նույն Սամվել Ալեքսանյանը դեռ մի բան էլ ինքնարժեքից ցածր գնով կվաճառի իր ներմուծումը։ Եվ ձեթի լիտրը կարժենա ոչ թե հազար, այլ 500 դրամ, կարագի կիլոգրամը կարժենա ոչ թե 2000 հազար, այլ հազար դրամ, եւ այդպես շարունակ»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG