Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Այս հանդիպումը որակապես տարբերվում է մյուսներից»


Երեկ Լյուքսեմբուրգում տեղի ունեցած Եվրամիություն - Հայաստան համագործակցության խորհրդի հերթական նիստից հետո Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասաց, թե այդ հանդիպումը «որակապես տարբերվում էր մյուսներից»:

«Որովհետեւ բանակցությունների կամ քննարկումների հիմքում արդեն Գործողությունների ծրագիրը ունենք, որը շատ ավելի կոնկրետ է, ծավալուն է, խորքային է, եւ բոլոր ոլորտներին վերաբերում է», - փաստարկեց Օսկանյանը: - «Շեշտը հիմնականում լինելու է երկրորդ սերնդի բարեփոխումների վրա` հատկապես դատաիրավական ոլորտում: Նաեւ մենք քննարկել ենք վիզաների հեշտացման հարցը: Եվ նաեւ, ինչպես միշտ արվում է, եղել է քաղաքական երկխոսություն տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ»:

Հարցին, թե եղե՞լ են հանդիպումներ Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, Օսկանյանը պատասխանեց. - «Ես ուղղակի կուլիսային հանդիպում եմ ունեցել Վրաստանի նախարարի հետ: Բայց դա չի կարելի պաշտոնական կամ առհասարակ հանդիպում համարել: Ուղղակի զրույց է եղել: Եղել է համատեղ մամուլի ասուլիս: Անհատական հանդիպումներից առաջ եղել է Կովկասի երեք ներկայացուցիչների եւ Եվրամիության ներկայացուցիչների քաղաքական երկխոսություն, որտեղ եւ քննարկվել են տարածաշրջանին վերաբերող ընդհանուր խնդիրներ»:

Անդրադառնալով Միացյալ Նահանգների Կոնգրեսի լիագումար նիստին ներկայացվելիք թիվ 106 բնաձեւին` նախարարը ասաց. - «Բանաձեւի հակառակորդները փորձում են այնպես ներկայացնել, իբր այս բանաձեւի անցկացումը կարող է բացասական ազդել քաղաքական գլոբալ եւ տարածաշրջանային խնդիրների վրա: Մենք չենք կիսում դա: Դա, կարծում ենք, արհեստականորեն ստեղված իրավիճակ է»:

«Իհարկե, Կոնգրեսի բանաձեւը, ինչպես մենք միշտ ասել ենք, Կոնգրեսի ընտրյալների եւ նրանց ժողովրդի, այս պարագային` հայկական համայնքի, ամերիկահայերի խնդիրն է: Հայաստանի Հանրապետությունը անմիջական միջամտություն չունի, բայց մենք ողջունել ենք հանձնաժողովի կողմից դրա անցկացումը: Եվ բանաձեւը եթե անցնի, նույնպես կողջունենք Կոնգրեսին», - շարունակեց Հայաստանի արտգործնախարարը` փաստարկելով. - «Որովհետեւ, կարծում ենք, որ արդարության հաստատումը, պատմական փաստի հաստատումը ոչ թե պետք է բացասական հետեւանքների բերի, ընդհակառակը` պետք է նպաստի ժողովուրդների միջեւ հասկացողությանը եւ նաեւ նպաստ բերի տարածաշրջանային խնդիրների լուծմանը: Այնպես որ, Թուրքիայի կողմից արհեստականորեն այս լարվածության ստեղծումը, ես կարծում եմ, որ ճիշտ, ադեկվատ հակազդեցությունը չէ նրան, ինչն այսօր կատարվում է Միացյալ Նահանգների Կոնգրեսում»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG