Մատչելիության հղումներ

Կալիֆորնիա - Հայաստան առեւտրի գրասենյակը հունվարի 1-ից կդադարի գործել


Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը երկուշաբթի օրը վետո է դրել նահանգային օրենքի վրա, որով մինչեւ 2010 թվականը պետք է ֆինանսավորվեր Կալիֆորնիա - Հայաստան առեւտրի գրասենյակը: Ըստ այդմ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Շվարցենեգերի Լոս Անջելեսի գրասենյակի փոխտնօրեն Լիզա Գալուստյանը, Հայաստանի գրասենյակը հունվարի 1-ից կդադարի գործել որպես Կալիֆորնիայի նահանգային պաշտոնական գրասենյակ:

Պարզաբանելով վետոյի պատճառները` Գալուստյանը, մասնավորապես, ասաց. - «2002 թվականին, երբ բացվեց Հայաստան - Կալիֆորնիա առեւտրի գրասենյակը, այն շատ խելամիտ նախաձեռնություն էր, որը հենված էր փորձնական ծրագրի վրա եւ պետք է ֆինանսավորվեր մասնավոր հաստատության կողմից: Սակայն երբ Հայաստանում բացվեց այս գրասենյակը, Կալիֆորնիան ֆինանսական պատճառներով փակեց աշխարհի տարբեր երկրներում գործող առեւտրի բոլոր գրասենյակները, եւ ունենալով աշխարհի ամենահզոր տնտեսություններից մեկը` Կալիֆորնիայի օրենսդիրները որոշեցին կազմել մյուս երկրների հետ առեւտրի կազմակերպման մի համապարփակ ռազմավարություն: Այժմ այդ գործն ընթացքի մեջ է, եւ մյուս երկրների հետ առեւտրի կազմակերպման սկզբունքները պատրաստ կլինեն եկող տարվա սկզբին»:

«Այդ պատճառով նահանգապետը այս պահին հանգել է Կալիֆորնիա - Հայաստան առեւտրի գրասենյակի գործունեությունը երկարաձգելու անհարմարության մտքին», - նշեց Շվարցենեգերի Լոս Անջելեսի գրասենյակի փոխտնօրենը:

Միաժամանակ, Գալուստյանը մեջբերեց Շվարցենեգերի վետոյի այն հատվածը, որտեղ ասված է, որ չնայած ինքը հետ է վերադարձնում Սենատի թիվ 515 բանաձեւը առանց իր ստորագրության, «Կալիֆորնիան բախտավոր է ունենալ Հայաստանից հետո երկրորդ ամենահայաշատ բնակչությունը եւ երախտապարտ է Ամերիկայի հայությանը այս երկրի բարօրության գործում իր ծառայությունների համար»:

«Նահանգապետը միշտ եղել է հայերի աջակիցը եւ կմնա այդպիսին` առանց փոփոխության», - շեշտեց Լիզա Գալուստյանը:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG