Մատչելիության հղումներ

Այսօր բացվում է Կասպյան գագաթնաժողովը


Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Թուրքմենստանի ղեկավարներն այսօր հանդիպում են Թեհրանում: Կասպյան գագաթնաժողովի օրակարգում վիճահարույց երկու հիմնական թեմաներ են՝ Կասպից ծովի տարածաշրջանում արդյունահանվող նավթի եւ գազի, ինչպես նաեւ արդյունաբերական ծավալների ձկնորսության:

Առափնյա հինգ երկրները Կասպիցի սահմանները կարգավորում են 1921 թվականին Խորհրդային Միության եւ Իրանի միջեւ կնքված պայմանագրով: Իսկ ձկնորսության եւ առեւտրի խնդիրները կարգավորվում են 1927 եւ 1940 թվականների համաձայնագրերով:

Խորհրդային Միության փլուզումից հետո բանակցող երկրների թիվը 2-ից հասել է 5-ի: Նախկին խորհրդային հանրապետությունները տարաձայնություններ ունեն Կասպիցի կարգավիճակի եւ ծովի գոտիների բաժանման հարցերում:

Իրանի կառավարության խոսնակ Ղոլամհոսեյն Էլհամն ասել է, որ գագաթնաժողովի մասնակիցները մտադիր են համատեղ հռչակագիր ստորագրել:

Նախօրեին տարբեր լրատվական գործակալություններ հաղորդել են, թե Ռուսաստանի անվտանգության ծառայությունները տեղեկություն են ստացել Թեհրանում նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ ծրագրվող մահափորձի վտանգի մասին: Պաշտոնական Թեհրանն այդ լուրն անվանել է սադրանք, որի նպատակն է վնաս հասցնել ռուս - իրանական հարաբերություններին:

Երեկ Վլադիմիր Պուտինը Գերմանիայում էր, Վիսբադենում նա հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Համատեղ ասուլիսում Ռուսաստանի ղեկավարը հաղորդել է, որ անկախ անվտանգության ծառայություններից ստացած մահափորձի մասին տեղեկությունից՝ ինքն անպայման կմեկնի Իրան:

Ենթադրվում է, որ կասպյան հիմնախնդիրներից բացի, Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Մահմուդ Ահմադինեջադը կանդրադառնան Իրանի միջուկային ծրագրի, ռուսական կողմի աջակցությամբ Բուշեհրում կառուցվող ատոմակայանի եւ միջազգային այլ թեմաների:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG