Մատչելիության հղումներ

Թուրքիան եւ ԱՄՆ-ի վարչակազմը հիասթափված են կոնգրեսական հանձնաժողովի որոշմամբ


Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը «անընդունելի» է որակել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին հավանություն տալու փաստը:

«Հանձնաժողովի այդ անընդունելի որոշումը արժեք եւ հարգանք չունի թուրք ժողովրդի համար», - հայտարարել է Գյուլը «Անատոլիա» լրատվական գործակալությանը: - «Դժբախտաբար, Միացյալ Նահանգներում որոշ քաղաքական գործիչներ անտեսեցին առողջ բանականության կոչը եւ կրկին մեծ հարցերը զոհաբերեցին ներքաղաքական մանր խաղերին»:

«Դա Միացյալ Նահանգների պես մեծ տերության խորհրդարանականներին հարիր արարք չէ», - «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, ասել է Թուրքիայի նախագահը:

«Ռոյթերզ» գործակալության վկայությամբ, հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Թուրքիայի կառավարությունը` ափսոսանք հայտնելով կոնգրեսական հանձնաժողովի որոշման կապակցությամբ եւ դատապարտելով այն:

«Անընդունելի է, երբ թուրք ժողովուրդը մեղադրվում է մի բանում, ինչը նրա պատմության ընթացքում երբեք չի եղել», - հայտարարել է թուրքական կառավարությունը:

Ամերիկյան Կոնգրեսի հանձնաժողովում երեկ կայացած քվեարկությունից քիչ առաջ CNN-Turk հեռուստատեսությանը տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ասել էր, թե բանաձեւի ընդունման դեպքում «Միացյալ Նահանգները ականատեսը կլինի այս տարածաշրջանում շատ կարեւոր դաշնակցի հետ իր գործընկերության թուլացմանը»:

Էրդողանը զգուշացրել էր նաեւ, թե Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները է’լ ավելի կվատթարանան. - «Հայաստանը, մեծ հաշվով, կկորցնի ապագայում դրական զարգացումների հեռանկարը»:

Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովում բանաձեւի ընդունման կապակցությամբ ափսոսանք է արտահայտել Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը:

Պետդեպարտամենտի խոսնակ Շոն ՄըքՔորմաքը, մասնավորապես, հայտարարել է. - «Ցավում ենք, որ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին: Վարչակազմը շարունակում է խստիվ ընդդիմանալ այդ բանաձեւին, որի ընդունումը կարող է լուրջ վնաս հասցնել թուրք - ամերիկյան հարաբերություններին եւ Եվրոպայում ու Մերձավոր Արեւելքում Միացյալ Նահանգների շահերին»:

Միաժամանակ, «Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, ՄըքՔորմաքը վստահեցրել է, որ «Միացյալ Նահանգները ճանաչում է Օսմանյան կայսրության մայրամուտին զանգվածային կոտորածների եւ բռնի տեղահանումների հետեւանքով հայ ժողովրդի կրած վիթխարի տառապանքները»:

Պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բըրնսը, իր հերթին, հիասթափություն է արտահայտել հանձնաժողովի քվեարկության արդյունքների կապակցությամբ` ասելով. - «Թուրքիան մեր առավել արժեքավոր եւ կարեւորագույն դաշնակիցներից է աշխարհում, եւ մենք կարեւոր ենք համարում, որպեսզի խնդիրը, որքան էլ որ այն բարդ է (իսկ մենք ընդունում ենք, որ այդ ժամանակաշրջանում եղել են տեղահանումներ եւ զանգվածային կոտորածներ), կարգավորվի արդյունավետ ձեւով»:

Նա հայտնել է, որ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը պատրաստվում է Թուրքիայի ղեկավարության հետ հեռախոսազրույցներում պարզաբանել Միացյալ Նահանգների դիրքորոշումը:

Բըրնսը նաեւ հույս է հայտնել, թե Թուրքիայի արձագանքը կսահմանափակվի հայտարարություններով եւ չի հասնի ԱՄՆ - Թուրքիա հարաբերությունները վտանգող կոնկրետ հակաքայլերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG