Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը «Բանակցային ռեսուրսները փոշիացվել են» վերնագրի ներքո փոխանցում է ՀՀՇ-ի վարչության անդամ Երջանիկ Աբգարյանի տեսակետները: Նա ակնհայտ է համարում այն, որ «անցած տասը տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային ռեսուրսները փոշիացվել են»: «Ակնհայտ է, որ ներկա իշխանական վերնախավի վարած ղարաբաղյան քաղաքականությունը սնանկ է եւ այն շտապ կերպով պետք է վերանայվի եւ ուղղորդվի Հայաստանի, հայ ժողովրդի արմատական շահերի հունով», - ասել է, մասնավորապես, Երջանիկ Աբգարյանը:

Իբրեւ «սպառնալիքների եւ շանտաժի մարտավարություն» որակելով ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանը միտված թիվ 106 բանաձեւի առաջխաղացմանը թուրքական իշխանությունների արձագանքը, «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը նկատել է. - «Եթե Թուրքիան Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106-րդ բանաձեւի բովանդակության եւ ընդհանրապես տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ ունի այլ կարծիք, ապա ոչ ոք մինչեւ օրս չէր խանգարում նրան այն ներկայացնել ԱՄՆ-ի օրենսդիրների քննարկմանը, եւ ժողովրդավարական ընթացակարգի միջոցով առաջ տանել սեփական տեսակետը»։ «Այսինքն՝ Ներկայացուցիչների պալատին ընդունել տալ ո՛չ թե 106-րդ, այլ մեկ ուրիշ բանաձեւ, որը կարտացոլեր թուրքական կողմի հայեցակարգային մոտեցումները», - բացատրել է մեկնաբանն ու բխեցրել. - «Փորձելով շանտաժի ենթարկել անգամ ԱՄՆ-ի նման հզորագույն երկրին, Թուրքիան դրանով հենց ինքն է ապացուցում, որ որպես պետություն ձեւավորվել է Հայոց ցեղասպանության իրականացման միջոցով, ուստի այդ փաստի հերքումը իր համար կյանքի ու մահվան հարց է, հանուն որի կարելի է առճակատման գնալ անգամ Միացյալ Նահանգների հետ»։

Իր հերթին անդրադառնալով ամերիկյան Կոնգրեսում թիվ 106 բանաձեւի առաջխաղացմանը ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի եւ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի կոշտ հակազդեցությանը` «Հայք»-ի խմբագրականը շեշտադրել է. - «Ստացվում է՝ նրանք, ովքեր անհամբեր սպասում էին, թե երբ պետք է կոնգրեսականները քննարկեն այս բանաձեւը, ցանկանում էին մեկ անգամ եւս համոզվել, որ Թուրքիան ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն է։ Մյուս կողմից, տրամաբանական հարց է առաջանում, թե ինչ կշահի Հայաստանը եւ ՀՀ քաղաքացին, եթե ամերիկացիները դատապարտեն ցեղասպանությունը։ Բնականաբար՝ ոչինչ։ Ավելին, Թուրքիայում հակահայկական տրամադրություններ կառաջանան՝ դրանից բխող հետեւանքներով: Իհարկե, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման եւ զարգացման համար անչափ կարեւոր է, որ թուրքերն իրենք դատապարտեն ցեղասպանությունը, սակայն ամերիկացիների կամ եվրոպացիների կողմից այս հարցի արծարծումը թուրքերի մոտ միայն հակազդեցություն է առաջացնում»։

«Փակե՞լ, թե՞ խլացնել» վերնագրի տակ «168 ժամ» թերթի մեկնաբանը նախագահական ընտրություններին ընդառաջ առաջարկել է. - «Գործող իշխանությունները որ խելք ունենային, հենց վաղը կվերացնեին հեռուստատեսությունների եւ ռադիոների վրա սահմանված վերահսկողությունն ու թույլ կտային քննարկումներ ծավալել՝ նախագահական ընտրություններին ընդառաջ»։ «Միանգամից ասեմ՝ վախենալու բան չկա, անգամ օգտակար է գործող իշխանությունների համար», - ընդգծել է մեկնաբանն ու պարզաբանել. - «Վախենալու բան չկա, որովհետեւ ընդդիմությունը՝ տարբեր տրամաչափի գործիչներով, այդ առիթը կօգտագործի ոչ թե գործող իշխանության հետ բանավեճի մեջ մտնելու նպատակով, այլ փրփուրը բերանին կհայհոյի նախկին «հանցավոր» իշխանություններին, չնայած որ նախկին նախագահը դեռ չի հայտարարել ո’չ առաջադրվելու, ո’չ էլ չառաջադրվելու մասին»։

«Առավոտ»-ը այսօր հրապարակել է իր պատվերով APR Group սոցիոլոգիական խմբի անցկացրած հարցման արդյունքները. - «Եթե նախագահական ընտրությունները անցկացվեին այս կիրակի օրը, ո՞ւմ օգտին կքվեարկեին Երեւանի ընտրողները: Արդյունքները հետեւյալն են. Սերժ Սարգսյան՝ 16,6 տոկոս, Լեւոն Տեր-Պետրոսյան՝ 9,8 տոկոս, Րաֆֆի Հովհաննիսյան՝ 5,9 տոկոս, Վազգեն Մանուկյան՝ 2,3 տոկոս, Արթուր Բաղդասարյան՝ 2 տոկոս, Վահան Հովհաննիսյան 1,5 տոկոս, Արտաշես եղամյան՝ 1,2 տոկոս, Վարդան Օսկանյան եւ Տիգրան Կարապետյան 1,1 տոկոս»: Ըստ հարցման, մնացած գործիչները հավաքել են 1 տոկոսից պակաս ձայներ։

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը, հիշեցնելով, որ հաջորդ տարվա բյուջեն 2,5 միլիարդ դոլար ծախսեր է ենթադրում, պարզաբանել է. - «Երբ վարչապետ Սերժ Սարգսյանը առաջին անգամ հայտարարեց այս թիվը Ազգային ժողովի ամբիոնից, սա մի տեսակ աժիոտաժ առաջացրեց: Բայց երբ պարզվեց, որ խոսքը համախմբված բյուջեի մասին է եւ ոչ թե պետական բյուջեի, աժիոտաժը մի քիչ հանդարտվեց: Իսկ երբ պարզվեց, որ այս տարվա համախմբված բյուջեն արդեն իսկ 1,8 միլիարդ դոլար է, աժիոտաժը իսպառ վերացավ»: «Եթե մի քիչ էլ հրապարակայնորեն քննարկվի այս հարցը, մեր երկրի համախմբված բյուջեն իրականում պետք է լիներ ոչ թե 2,5 միլիարդ դոլար, այլ մոտ 3,5-4 միլիարդ դոլար», - սեփական գնահատականը տվել-ամփոփել է մեկնաբանը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG