Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Անկախ նրանից՝ կառաջադրվի՞ Տեր-Պետրոսյանը, թե` ոչ եւ, առաջադրվելու դեպքում, կընտրվի՞ նախագահ թե՝ ոչ, առաջին նախագահի փաստացի վերադարձը քաղաքականություն ինքնին առողջ, դրական պրոցեսներ է խթանել», - գրել է այսօր «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրն ու փաստարկել. - «Բանն այն է, որ 1995-ից սկսած ընտրությունների զուտ քաղաքական բաղադրիչը գնալով նվազել է եւ 2007-ի Ազգային ժողովի ընտրություններում հասցվել է գրեթե զրոյի։ Առաջիկա նախագահական ընտրությունները շանս ունեն նման միջոցառումներից տարբերվելու՝ թեկուզ այն պատճառով, որ իշխանությունը ստիպված է փաստարկներ բերել՝ իր առավելությունները ապացուցելու համար: Կարեւոր չէ, թե այդ փաստարկները ինչ որակի են: Էական չէ նույնիսկ, որ այդ փաստարկները երբեմն հնչեցվում են ոչ թե բուն իշխանավորների, այլ հաստիքային ընդդիմադիրների կողմից: Կարեւոր այն է, որ հասարակության մեջ կարող է ինչ-որ երկխոսություն սկսվել, եւ այն մարդիկ, որոնք դեռ վերջնականապես չեն լյումպենացվել, գուցե մի փոքր ավելի լուրջ սկսեն մտածել այն ուղղության մասին, որով զարգանում է մեր պետությունը»։

«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը պատկերել է.- «Դատելով վերջին «սենսացիոն» զարգացումներից, ՀՀՇ-ն առաջնորդվում է հավի հետեւից ընկած աքլորի տրամաբանությամբ. «Չհասնեմ` գոնե կտաքանամ»: «Բայց ով-ով, գոնե Տեր-Պետրոսյանը հրաշալի հասկանում է, որ, անգամ կորցրածը վերականգնելու, այսինքն՝ վերընտրվելու պարագայում, այսօրվա դրությամբ որեւէ կերպ չի կարող ազդել երկրում ընթացող քաղաքական գործընթացների վրա։ Առաջին հերթին՝ այն պատճառով, որ փոփոխված սահմանադրությամբ իրավիճակի իրական տերը խորհրդարանական մեծամասնությունն է»։ «Այնպես որ», - եզրակացրել է մեկնաբանը, - «սյուրպրիզների» սույն սիրահարը հազիվ թե պատրանքներ ունի՝ կապված իշխանության կուսակցությանը առաջիկա ընտրություններում առանց շախի մատ հայտարարելու վարդագույն հեռանկարի հետ»։

«Չորրորդ իշխանություն» թերթը շեշտադրել է. - «Սերժ Սարգսյանի «քաղաքական հենարանը» (եթե մի պահ ընդունենք, որ «քաղաքական» բառը տվյալ դեպքում տեղին է) փորձում է առաջիկա նախագահական ընտրությունները ներկայացնել որպես պայքար «կայունության կողմնակիցների» եւ «հեղափոխական ուժերի» միջեւ: Ենթադրվում է, որ «կայունության կողմնակիցը» Սերժ Սարգսյանն է, «հեղափոխություն» անողը` Լեւոն Տեր-Պետրոսյանը»: «Զուտ քարոզչության առումով այս անհեթեթությունը, իհարկե, ձեռնտու է հանրապետականներին, որովհետեւ ցանկացած հեղափոխություն ցնցումների մեջ է գցում երկիրը, եւ կայունությունն, իհարկե, գերադասելի է», - եզրակացրել է թերթը:

«Հայք»-ի մեկնաբանը, այսօր պնդելով, թե «Հանրապետական կուսակցության ներսում հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանն օրեր առաջ իր կուսակիցներին մի շարք պահանջներ է ներկայացրել», մանրամասնել է. - «Մասնավորապես, Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի գաղափարական թեւին հանձնարարել է սուր քննադատության ենթարկել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին»։ Թերթի տեղեկություններով՝ նրանցից շատերը հրաժարվել են կատարել Սերժ Սարգսյանի հրահանգը. - «Ոմանք հայտարարել են, թե իրենք Տեր-Պետրոսյանի հետ երկար ճանապարհ են անցել ու ամենեւին չեն պատրաստվում անհարկի քննադատության ենթարկել առաջին նախագահին»։

«Հայկական ժամանակ»-ը, վկայակոչելով իր լավատեղյակ աղբյուրները, տեղեկացրել է, որ «իշխանությունները Երեւանի էլիտար շենքերից 15 բնակարան են հատկացրել` նախագահական առաջիկա ընտրություններից առաջ «տատանվող ընդդիմադիրներին» դեպի իշխանություն թեքելու համար: Ըստ այդմ` «բնակարանները ընդդիմադիր ականներին հատկացնելով, իշխանությունները նրանց պետք է օգտագործեն իրենց նպատակների համար»։ «Տվյալ դեպքում, սակայն, իշխանությունները ձեռքի հետ լուծում են նաեւ էլիտար բնակարանների իրացման խնդիրը, քանի որ այս ասպարեզում գործերը այնքան էլ լավ չեն ընթանում», - նկատել է թերթն ու հավելել. - «Էլիտար բնակարաններով քաղաքական գործիչներ ձեռքբերելու պրոցեսը ղեկավարում է Երեւանի թաղապետերից մեկը»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG