Մատչելիության հղումներ

Նիկոլա Սարկոզին սկսում է ռուսաստանյան այցը


Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր սկսում է իր այցը Ռուսաստան: Այցի շրջանակներում նախատեսված է ֆրանսիական պետության ղեկավարի պաշտոնում նրա առաջին հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն հայտարարել է, թե Մոսկվայում «բաց սրտով» են սպասում Սարկոզիին եւ ակնկալում են պահպանել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, սակայն, միաժամանակ, զգուշացնում են «հուշարարական» մեթոդների անթույլատրելիության մասին:

Պրիխոդկոն հայտնել է, որ նախագահների բանակցությունների հիմնական թեման երկկողմ հարաբերություններն են լինելու, առաջին հերթին` առեւտրատնտեսական կապերը: Օրակարգում են նաեւ Իրանի միջուկային ծրագիրը, Եվրամիության հետ Ռուսաստանի փոխգործողությունը, Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագիրը եւ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր տեղակայելու ամերիկյան ծրագիրը:

Ելիսեյան պալատի պաշտոնական ներկայացուցիչ Դավիդ Մարտինոնը, իր հերթին, հայտարարել է, որ Ռուսաստանը Ֆրանսիայի համար ռազմավարական գործընկեր է Եվրոպայում, որի հետ «անհրաժեշտ է ավելի խորացնել երկխոսությունը համաշխարհային խոշոր հիմնահարցերի շուրջ»:

«Դա վերաբերում է այնպիսի գլոբալ թեմաների քննարկմանը, ինչպիսին են ահաբեկչությունը, կլիմայի փոփոխությունը, տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորումը», - ասել է Մարտինոնը:

«Ֆրանսպրես» գործակալությունը հիշեցնում է, որ վերջերս Սարկոզին քննադատել էր Ռուսաստանին` պաշտոնական Մոսկվային մեղադրելով աշխարհի գործերը «բարդացնելու» մեջ:

Ֆրանսիայի եւ Ռուսաստանի միջեւ տարաձայնություններ կան, այդ թվում` Կոսովոյի հարցում. Ֆրանսիան պաշտպանում է այդ երկրամասի անկախության գաղափարը, ինչին Ռուսաստանը դեմ է:

Սարկոզին նաեւ առաջարկել է ՄԱԿ-ի հավելյալ պատժամիջոցներ Իրանի նկատմամբ` կապված այդ երկրի միջուկային ծրագրի հետ, սակայն Ռուսաստանը չի շտապում պաշտպանել այդ քայլը:

Այդուհանդերձ, Ելիսեյան պալատի ներկայացուցիչը հայտարարել է, որ «համաշխարհային մի շարք խնդիրների առնչությամբ, ինչպես, օրինակ, Իրանը, Հյուսիսային Կորեան, նախկին տարակարծությունները իրենց տեղը զիջել են սպառնալիքների համընկնող վերլուծությանը, եւ, ինչպես կարելի է տեսնել, Ռուսաստանը իր գործընկերների հետ բացառիկ համակարգված ձեւով է աշխատում, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG