Մատչելիության հղումներ

Հայտնի դարձան այս տարվա առաջին Նոբելյան մրցանակակիրները


Բժշկագիտության եւ ֆիզիոլոգիայի բնագավառում այս տարվա Նոբելյան մրցանակին արժանացան ամերիկացի գիտնականներ Մարիո Կապեչին, Օլիվեր Սմիթիսը եւ բրիտանացի Մարտին էվանսը` գենային տեխնոլոգիաների բնագավառում ներդրման համար: Այդ մասին հայտարարվեց երեկ Ստոկհոլմում, որտեղ մեկնարկել է 106-րդ Նոբելյան շաբաթը:

Երեք գիտնականների մշակած «գենի նպատակային անջատման» տեխնոլոգիան հնարավորություն կտա պայքարել քաղցկեղի, սրտային հիվանդությունների եւ նույնիսկ օրգանիզմի ծերացման դեմ: Այդ մեթոդն օգտագործելով` գիտնականները հնարավորություն են ստանում «անջատել» այս կամ այն գենը եւ ուսումնասիրել, թե այն օրգանիզմում ինչ ֆունկցիա է կատարում եւ ինչ գործընթացների ու հիվանդությունների է հանգեցնում: Առայժմ գիտափորձը կատարվում է մկների մոտ. գիտնականները փորձում են գեներն անջատելով մոդելավորել առկա բազմաթիվ հիվանդությունները եւ գտնել դրանց առաջացման պատճառները:

Նոբելյան կոմիտեն իր տարածած հայտարարությունում հավանական է համարում, որ հենց «գենի նպատակային անջատման» տեխնոլոգիան «դառնա քաղցկեղի դեմ պայքարի բանալին»:

Նոր տեխնոլոգիան լույս է սփռում նաեւ սաղմի զարգացման գործընթացների վրա, այսինքն` այս մեթոդի օգտագործումը հնարավորություն կտա պայքարել օրգանիզմի ծերացման դեմ:

Ներկայում գիտնականներին հաջողվել է «անջատել» շուրջ 10 հազար գեն, այսինքն` օրգանիզմում առկա գեների շուրջ կեսը: Գյուտի հեղինակները համոզված են, որ առաջիկայում կհաջողվի նույնն անել նաեւ մյուս գեների հետ:

Այսօր հայտնի կդառնա Նոբելյան մրցանակի դափնեկիրը ֆիզիկայի բնագավառում, վաղը` քիմիայի. հոկտեմբերի 11-ին` գրականության, իսկ հոկտեմբերի 12-ին Օսլոյում կհրապարակվի Խաղաղության Նոբելյան մրցանակակրի անունը:

Մրցանակները դափնեկիրներին կհանձնվեն դեկտեմբերի 10-ին: Դրամական պարգեւը կազմում է շուրջ 1,5 միլիոն դոլար:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG