Մատչելիության հղումներ

Սեֆիլյանի եւ Մալխասյանի պաշտպանները բողոքարկելու են Վերաքննիչ դատարանի վճիռը


«Հայ կամավորականների համախմբում» շարժման նախաձեռնողներից Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի շահերի պաշտպանները երեկ հայտարարեցին, որ մտադիր են Վճռաբեկ դատարանում բողոքարկել վերաքննիչ ատյանի` սեպտեմբերի 25-ի վճիռը:

«Թեեւ հստակ գիտակցում ենք, որ հավանականությունը, որ Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ կընդունի, չափից ավելի նվազ է` հաշվի առնելով այս գործի քաղաքական երանգները», - ասաց փաստաբան Արա Զաքարյանը:

Վերաննիչ դատարանը անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի վճիռը, որով Ժիրայր Սեֆիլյանը մեղավոր էր ճանաչվել ապօրինի զենք կրելու եւ պահելու համար` դատապարտելով 1 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ Վարդան Մալխասյանը մեղավոր էր ճանաչվել 301 հոդվածով` իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչերի համար, եւ ազատազրկվել 2 տարով:

«Մենք այս պահին աշխատում ենք, որպեսզի բողոքը լինի հնարավորինս հիմնավորված, պատճառաբանված, որպեսզի վարույթ ընդունվի», - ասաց Զաքարյանը:

Նա ասաց նաեւ, որ պաշտպանական կողմը հետեւողական է լինելու Սեֆիլյանին եւ Մալխասյանին պայմանական-վաղաժամկետ ազատ արձակելու հարցում, ինչը «նրանց օրենքով նախատեսված իրավունքն է». - «Եվ դա մեր կողմից ներկայացվում է որպես պահանջ, այլ ոչ թե որպես խնդրանք: Ժիրայր Սեֆիլյանը եւ Վարդան Մալխասյանը երբեւիցե չեն խոնարհվի պատվիրատուների առջեւ եւ չեն դիմի խնդրանքով, որպեսզի իրենց ներեն կամ իրենց ազատ արձակեն»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG