Մատչելիության հղումներ

Իր տիկնոջ նախագահ ընտրվելու դեպքում Բիլ Քլինթոնը պատրաստվում է վերականգնել ԱՄՆ-ի իմիջը աշխարհում


Իր տիկնոջ` Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Հիլարի Քլինթոնի նախագահ ընտրվելու դեպքում Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնը պատրաստվում է ստանձնել իր երկրի վարկը աշխարհում բարձրացնելու առաքելությունը:

«Հիլարին ցանկանում է, որ ես վերականգնեմ ԱՄՆ-ի իմիջը», - ասել է Քլինթոնը օրերս Մեծ Բրիտանիա կատարած այցելության ժամանակ BBC-ին եւ The Guardian բրիտանական պարբերականին տված հարցազրույցում:

«Հիլարին ասել է, որ կխնդրի ինձ ուղեւորվել արտերկիր` ցույց տալու մարդկանց, որ Ամերիկան նորից պատրաստ է գործնական հարաբերությունների եւ համագործակցության», - հայտարարել է ԱՄՆ-ի նախկին նախագահը` հավելելով. - «Դա անհրաժեշտ է, քանի որ արդեն 8 տարի Միացյալ Նահանգները վարում է միակողմանի քաղաքականություն, որը վրդովեցնում է ամբողջ աշխարհին»:

Քլինթոնը տարակուսանք է արտահայտել երկրում տիրող իրավիճակի կապակցությամբ. - «Ես իմ քաղաքական կարիերայի ընթացքում առաջին անգամ եմ տեսնում, որ Ամերիկայի սովորական ընտրողի համար շատ կարեւոր է, թե ով է պատրաստ վերականգնել երկրի դիրքը աշխարհում»: Իսկ Միացյալ Նահանգների դիրքը, ըստ նախկին նախագահի, լրջորեն սասանվել է հատկապես Իրաքյան պատերազմի եւ այլ քաղաքական քայլերի պատճառով:

Ընտրվելու դեպքում Հիլարի Քլինթոնը, ամուսնու համոզմամբ, «կընդունի սեփական որոշումները, նա կլինի շատ լավ նախագահ»:

«Եթե Հիլարին ընտրվի, ես կլինեմ աշխարհի ամենաերջանիկ մարդը», - հայտարարել է Բիլ Քլինթոնը:

«Վաշինգտոն Փոստ» պարբերականի եւ ABC հեռուստաընկերության վերջերս անցկացրած հարցման արդյունքներով, Հիլարի Քլինթոնի վարկանիշը աննախադեպ բարձր է. նրա օգտին պատրաստ է քվեարկել Դեմոկրատական կուսակցության համակիրների 53 տոկոսը, սենատոր Բարաք Օբամայի օգտին` 20 տոկոսը, իսկ սենատոր Ջոն Էդվարդսի օգտին` 13 տոկոսը:

Նախագահի հանրապետական թեկնածուներից ամենաբարձրը Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանիի վարկանիշն է` 43 տոկոս:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG