Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկը «հաջողությամբ իրականացված է» համարում ջրամատակարարման բարելավման ծրագիրը


«Հայաստանի համայնքային զարգացման, մասնավորապես` Երեւանի ջրամատակարարման բարելավմանն ուղղված ծրագիրը նախագծվել էր 96-97 թվականներին, եւ արդեն սկզբից պարզ էր, որ հավելյալ բարդություններ ու խնդիրներ կան: Բայց, հակառակ այդ դժվարությունների, մենք համարում ենք, որ համայնքային զարգացման ծրագիրը հաջողությամբ իրականացված», - այսօր լրագրողներին ասաց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյալի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը:

Այս շաբաթասկզբին բրիտանական հեղինակավոր «Օբսերվեր» պարբերականը հոդված էր հրապարակել, ըստ որի Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը նամակ էր հղել Համաշխարհային բանկին` հորդորելով հետաքննել Հայաստանում 35 միլիոն դոլար արժողությամբ ծրագրի հետ կապված կոռուպցիայի եւ չարաշահումների մեղադրանքները:

Ըստ այդմ՝ բրիտանացի ինժեներ Բրյուս Թասքերը հայտարարել է, թե ապացույցներ է ներկայացրել բանկին, որ Երեւանի ջրամատակարարման բարելավմանն ուղղված ծրագրի իրականացման ժամանակ լուրջ խախտումներ են թույլ տրվել, սակայն բանկը լայնածավալ հետաքննություն չի նախաձեռնել:

Այս կապակցությամ Արիստոմենե Վարուդակիսը այսօր նշեց, թե Համաշխարհային բանկի թիմերը Երեւանում եւ Վաշինգտոնում դեռեւս 2004 թվականին մանրակրկիտ ուսումնասիրել են ծրագրի հետ կապված բոլոր փաստաթղթերը, աուդիտի արդյունքները. -«Եվ ելնելով այս ամենից, ուզում եմ վստահեցնել, որ մենք որեւէ վկայություն չունենք խաբեության, կոռուպցիայի կամ ոչ արդյունավետ կառավարման մասին»:

Բրիտանացի ինժեներ Բրյուս Թասքերի մեղադրանքներին երեկ խորհրդարանում անդրադարձել էր նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը` ասելով. - «Համաշխարհային բանկը ստուգեց [Թասքերի մեղադրանքները] եւ տեսավ, որ որեւէ լուրջ, տեսանելի խախտում չկա: Ես կարծում եմ, չնայած դրան, մենք մեկ անգամ եւս կանդրադառնանք [այդ հարցին]»:

Մինչդեռ Թասքերը, ով հետաքննություն էր սկսել Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի ղեկավարած` Օտարերկրյա վարկերի, դրամաշնորհների եւ մարդասիրական օգնության նպատակային օգտագործման խորհրդանական հանձնաժողովի հանձնարարությամբ, պնդում է, թե երբ սկսել է խորանալ նախագծի մանրամասների մեջ, պարզ է դարձել, որ «կոռուպցիան այնտեղ սկզբից մինչեւ վերջ է, վերեւից ներքեւ, եւ խոսքը ոչ թե մի քանի հազար դոլարի, այլ տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է»:

«Օբսերվեր»--ի վկայությամբ, ծրագրի սկզբնական նպատակն էր՝ բարելավել Երեւանի բնակարանների ջրամատակարարումը, սակայն այնուհետեւ այն հետզհետե վերածվել է ջրաչափերի տեղադրման ծրագրի: Բրյուս Թասքերը պնդում է, որ ծրագիրն իրականացնողները յուրաքանչյուր ջրաչափի տեղադրումից գրպանել են 10 դոլար:

«Ամեն տարի ծրագիրը ենթարկվել է ֆինանսական աուդիտի, որն իրականացրել է դանիական «Ռամբոլ» ընկերությունը: Այդ բոլոր աուդիտների արդյունքները տրամադրվել են խորհրդարանական հանձնաժողովին, ընդ որում դրանցում որեւէ նման բան չի հայտնաբերվել», - պնդում է ՀԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավարը եւ հավելում. - «Ջրաչափերի տեղադրումը չի եղել ծրագրի հիմնական նպատակը, բայց ջրաչափերը այդ համակարգի կարեւորագույն բաղադրիչն են, առանց ջրի չափման մեթոդի հնարավոր չէր հասնել հաջողության: Միայն ջրաչափերի տեղադրման արդյունքում հնարավոր դարձավ հավաքագրումները 20 տոկոսից հասցնել 80 տոկոսի»:

Նա հավելեց որ ջրաչափերի վրա ծախսվել է 35 միլիոնից դոլարից 1,3 միլիոնը միայն:



Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG