Մատչելիության հղումներ

Արտաշես Գեղամյանը միավորման կոչ է անում «երկրի քաղաքական ընտրանուն»


«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը, չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հնչեցնելով իր դժգոհությունը կուսակցության` շաբաթավերջին կայացած կոնֆերանսում իր ելույթի լուսաբանման կապակցությամբ, ձեւակերպեց իր ելույթի հիմնական միտքը` «երկրի քաղաքական ընտրանին պետք է միավորվի հայոց պետականության փրկության հենքի վրա երկրի զարգացման այլընտրանքային ուղիներ մատնանշելու համար»:

Ըստ Գեղամյանի` հրամայական պահանջ է, որ «Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը, Արտաշես Գեղամյանը, Պարույր Հայրիկյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արամ Կարապետյանը եւ մնացած մեր գործընկերները, բոլորին թվարկելու անհրաժեշտություն չկա, նստեն սեղանի շուրջ եւ գոնե մեկ` մայր հարցի վերաբերյալ ընդհանուր հայտարարի գան»: Դա, Գեղամյանի համոզմամբ, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում «կոնսենսուսային մոտեցումների որդեգրման հարցն է»:

«Ազգային միաբանության» առաջնորդը «դրական» է գնահատում Հայաստանի առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի եւ Հայ հեղափոխական դաշնակցության ղեկավարների հանդիպումը:

Նա այսօր ասաց նաեւ, որ ինքն էլ երկու շաբաթ առաջ հանդիպում է ունենցել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Երեք ժամից ավելի տեւած հանդիպման ընթացքում «քննարկվել են հայոց պետականությունը վտանգող հարցերը»: Որոշակի պայմանավորվածությունների, սակայն, չեն եկել, քանի որ «առանձին հարցերի շուրջ ունեին տարբեր տեսակետներ»:

Նախագահական ընտրություններում իր թեկնածությունը առաջադրելու մասին Գեղամյանը կրկին ասաց, որ դեռ պետք է իր թիմակիցների քննարկի հարցը, թե արդյո՞ք նպատակահարման կլինի «առանցքային հարցերի շուրջ տեսակետներ արտահայտելու համար որպես թեկնածու» հանդես գալը:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG