Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը Նյու Յորքում հանդիպել է Ալի Բաբաջանի հետ


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեքշաբթի օրը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտործնախարար Ալի Բաբաջանի հետ:

Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարի հետ առաջին հանդիպման ընթացքում Վարդան Օսկանյանն անդրադարձել է Հայաստան - Թուրքիա հարաբերությունների ներկա վիճակին: Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նույն օրը Վարդան Օսկանյանը հանդիպել է նաեւ իրանցի պաշտոնակից Մանուչեհր Մոթթաքիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան - Իրան հարաբերությունները, էներգետիկ խնդիրներ, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներ:

Այսօր Վարդան Օսկանյանը հանդես կգա ելույթով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:

Այսօր նախատեսված է նաեւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի ելույթը: Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, Էլմար Մամեդյարովն ասել է, որ անպայման կանդրադառնա «Հայաստանի կողմից ագրեսիային եւ ադրբեջանական տարածքների օկուպացմանը»:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանի օրակարգի 16-րդ կետը հետխորհրդային տարածքում «սառեցված» հակամարտությունների հարցն է, որի քննարկման նախաձեռնությամբ հանդես են եկել ՎՈՒԱՄ կազմակերպության անդամ երկրները` Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը եւ Մոլդովան: 20-րդ կետն էլ կլինի «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում»:

Հայաստանը դեմ է հարցը ՄԱԿ տեղափոխելու փորձերին եւ համոզված է, որ այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում:

Day.az էլեկտրոնային պարբերականի փոխանցմամբ, ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ այդ բանաձեւերը նույնիսկ ընդունվելու դեպքում իրավական ուժ չեն ունենա: ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Ագշին Մեհդիեւն էլ, ըստ գործակալության, արձագանքել է, թե «եթե փաստաթուղթը Հայաստանի վրա ազդեցություն չի ունենա, ապա ինչո՞ւ են նրանք նման խուճապի մեջ»:

Վաղը Հայաստանի արտգործնախարարը Նյու 3որքում հանդիպելու է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ, իսկ Մամեդյարովը կհանդիպի ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բըրնսի հետ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG