Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության ուրացողը զրկվում է Եվրախորհրդարանում պատգամավորական տեղից


Նիդերլանդների քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ Օսման Էլմաչին Հայոց ցեղասպանությունը ուրանալու համար զրկվել է Եվրախորհրդարանի պատգամավորական տեղից:

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն, Էլմաչին, ով նույն պատճառներով չէր կարողացել մասնակցել Եվրախորհրդարանի վերջին ընտրություններին, կուսակցության ցուցակում երրորդ համարն էր եւ հաջորդում էր պատգամավոր Յոոպ Պոստին: Վերջինիս հրաժարականից հետո պատգամավորական տեղը պետք է փոխանցվեր Էլմանչիին, ում, սակայն, կուսակցությունը զրկել է Եվրախորհրդարանում կուսակցությունը ներկայացնելու իրավունքից` Հայոց ցեղասպանությունը ուրանալու համար:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Եվրախորհրդարանի պատգամավորները 236 փոփոխություն են առաջարկել Եվրամիությանը անդամակցության ճանապարհին Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ հոլանդացի քրիստոնեա-դեմոկրատ Ռիա Օոմեն-Ռյույտենի ներկայացրած զեկույցում:

Եվրախորհրդարանում ձախերի խմբակցության առաջարկած փոփոխություններով վերահաստատված է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ ուրացման պաշտոնական քաղաքականությանը վերջ տալու` Թուրքիային ուղղված պահանջը, որը հոլանդացի պատգամավորի հեղինակած նախագծում բացակայում է:

Զեկույցի նախագիծը քննադատության է արժանացել հենց Օոմեն-Ռյույտենի կուսակցության կողմից` մի շարք առանցքային խնդիրներ, այդ թվում` քրդերի իրավունքների, հյուսիսային Կիպրոսի օկուպացման, թուրքական կառավարության վերին օղակներում ազգայնական շրջանակների մեծ ազդեցության հարցերը շրջանցելու պատճառով:

Զեկույցի քվեարկությունը Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում նշանակված է հոկտեմբերի 3-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG