Մատչելիության հղումներ

Կիրակի օրը Ուկրաինայում խորհրդարանական ընտրություններ են


Այսօր Ուկրաինայում նախընտրական արշավի վերջին օրն է: Կիրակի օրը ուկրաինացի ընտրողները վերջին մեկուկես տարում արդեն երկրորդ անգամ կգնան տեղամասեր` ընտրելու Գերագույն ռադայի պատգամավորներին:

Ուկրաինացի քաղաքագետները, սակայն, համոզված չեն, որ արտահերթ ընտրությունները հնարավորություն կստեղծեն հաղթահարելու ներքաղաքական ճգնաժամը:

«Ես կարծում եմ, որ, հիմնականում, ուկրաինացիները հոգնել են քաղաքականությունից, եւ ընտրողները համոզված չեն, որ այս ընտրություններով ինչ-որ բան հնարավոր կլինի փոխել», - ասել է վերլուծաբան Յան Մաքսիմյուկը` հավելելով. - «Իսկ այն ընտրողները, որոնք կգնան տեղամասեր, ձայն են տալու ոչ թե կուսակցությունների ծրագրերին, այլ քաղաքական դաշտի երեք հիմնական խարիզմատիկ գործիչներից որեւէ մեկին»:

Վերջին սոցհարցումների տվյալներով, ընտրողների ճնշող մեծամասնության նախապատվությունները կիսվել են վարչապետ Վիկտոր Յանուկովիչի «Ռեգիոնների կուսակցության», Յուլիա Տիմոշենկոյի դաշինքի եւ նախագահ Վիկտոր Յուշչենկոյի կողմնակիցների նախընտրական բլոկի միջեւ:

Ըստ կիեւցի քաղաքագետի, սոցիոլոգիական հետազոտությունները վկայում են, որ «իրավիճակը նույնն է լինելու` գրեթե չտարբերվելով մեկ կամ երկու տարի առաջվա կացությունից»: «Հավասարակաշռությունը «Ռեգիոնների կուսակցության» եւ «նարնջագույնների» միջեւ կպահպանվի, եւ մենք կարող ենք կրկին դառնալ կոլաիցիայի ձեւավորման շուրջ երկարատեւ բանակցությունների ականատեսը», - կանխատեսել է Մաքսիմյուկը:

Երեկ երեկոյան Յուլիա Տիմոշենկոն տեւական ընդմիջումից հետո առաջին անգամ այցելել է նախագահ Յուշչենկոյի նստավայր: Հանդիպման ավարտին Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ընտրություններից հետո իր ղեկավարած «Նաշա Ուկրաինա» դաշինքը եւ Տիմոշենկոյի կողմնակիցները իշխող կոալիցիա կկազմեն:

Ըստ վերլուծաբանների, եթե Տիմոշենկոյի դաշինքին ու նախագահի կողմնակիցներին հաջողվի ստացած քվեների թվով գերազանցել Յանուկովիչի «Ռեգիոնների կուսակցությանը», ապա ժողովրդավարական կոալիցիայի ստեղծումը Ուկրաինայում կարող է իրականություն դառնալ:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG