Մատչելիության հղումներ

Մյունխենում շարունակվում է Գարեջրի փառատոնը


Այս շաբաթասկզբին Մյունխենում մեկնարկել է հայտնի «0կտոբերֆեստ»-ը՝ Գարեջրի փառատոնը: Այսօր փառատոնի 6-րդ օրն է:

Փառատոնի մեկնարկը տեղի է ունենում մեկընդմիշտ հաստատված ավանդույթի համաձայն. Մյունխենի քաղաքապետը բացականչում է` «0, Զա՜պֆտ Իս», եւ հատուկ մուրճով հարվածում է գարեջրի տակառի խցանին: Գարեջուրը դուրս է թափվում, եւ սկսվում են «գարեջրախմության» 16 օրերը: Մյունխենցիները, Գերմանիայից եւ ամբողջ աշխարհից Բավարիայի մայրաքաղաք ժամանած հարյուր հազարավոր հյուրերը ըմպում են գարեջուրը եւ ուտում նրբերշիկ, «շվայնե հաքսեն»՝ խորոված խոզի տոտիկներ, տավարի պոչի խորոված, «կեյզեշպացլ»՝ պանրով պատրաստված ճաշատեսակ: Այս ուտեստների հետ, սովորաբար, առաջարկում են կարտոֆիլ, կաղամբ եւ «բրետցեն»՝ հատուկ բավարական հաց: «0կտոբերֆեստ»-ի օրերին մատուցվում է միայն Մյունխենում արտադրված գարեջուր:

Ակնկալվում է, որ 2007 թվականի «Օկտոբերֆեստ»-ին կմասնակցի շուրջ 6 միլիոն մարդ:

Ավանդույթի համաձայն, գարեջուրը խմում են մեկ լիտրանոց գավաթով, որի անունն է «մաս»: Բացելով տակառը՝ առաջին «մաս»-ը մատուցում են Բավարիայի երկրամասի ղեկավարին:

Գարեջրի սիրահարներին սպասարկում են ոչ միայն Մյունխենի անհաշիվ մեծ ու փոքր գարեջրատները, այլեւ 14 հսկայական վրանաշեն սրահներ, որոնք գործում են փառատոնի օրերին: Այնտեղ նաեւ տեղադրվում է էլեկտրոնային ժամացույց, որը ծանուցում է, թե քանի օր, ժամ ու րոպե է մնում մինչեւ փառատոնի ավարտը:

Առաջին «Օկտոբերֆեստ»-ը տեղի է ունեցել 1810 թվականի հոկտեմբերին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG