Մատչելիության հղումներ

Ռոբերտ Սիմոնսը ժամանում է Ադրբեջան


Այսօր Ադրբեջան է ժամանում Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի պաշտպանության նախարարի, արտգործնախարարության պաշտոնյաների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ծանոթանալու է ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին:

Սա տարածաշրջանային այց է. Ռոբերտ Սիմոնսը Բաքու է այցելելու Թբիլիսիից, իսկ շաբաթասկզբին նա Երեւանում էր:

ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում Հարավային Կովկասի երկրների դիրքորոշումների եւ հեռանկարների վերաբերյալ Ռոբերտ Սիմոնսը Երեւանում ասել է, որ Ադրբեջանը մինչ օրս հայտարարություն չի արել դաշինքին անդամակցելու համար, Հայաստանը եւս չի պատրաստվում անդամակցել: «Դաշինքի անունից մեկ անգամ չէ, որ հայտարարում եմ. անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը կապ չունի դաշինքին անդամակցելու հետ», - ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը:

Նրա գնահատմամբ, Հայաստան - ՆԱՏՕ հարաբերությունները շատ բարեկամական եւ արդյունավետ են: ՆԱՏՕ-ի տարեկան զեկույցում նշվել է, որ Հայաստանի հետ անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը կատարելու ուղղությամբ դրական միտումներ կան:

Ռոբերտ Սիմոնսի խոսքերով, այն երկրները, որոնք պլանավորում են անդամակցել ՆԱՏՕ-ին, օրինակ` Վրաստանը, պետք է նորմալացնեն հարաբերությունները հարեւանների, այդ թվում Ռուսաստանի հետ: Նա ընդգծել է, որ թեեւ դաշինքը հակված է ընդարձակվելու, այնուամենայնիվ, անդամակցությունը երկար գործընթաց է:

«Մենք Վրաստանի հետ ակտիվ երկխոսության մեջ ենք. դաշինքը մտադիր է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող երկրներին ՆԱՏՕ-ին միանալու հրավերներ անել հաջորդ գագաթնաժողովում, որը տեղի կունենա 2008 թվականին», - ասել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG