Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը «Տխուր մեկնարկ» վերնագրված խմբագրականում գրում է. - «Նախընտրական արշավը, որը փաստացի մեկնարկել է Հայաստանում, ինչպես եւ սպասվում էր, ձեռք է բերել խիստ ապակառուցողական, անձնավորված բնույթ, քանի որ բոլոր մասնակիցներն այս պահին մտասեւեռվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա»: Թերթի գլխավոր խմբագրի տպավորությունն այն է, որ «այսօր լարված եւ նյարդային քարոզչական պայքար են մղում նրանք, ովքեր անձնապես շահագրգռված են (պարտադիր չէ` նյութապես), որ այս կամ այն թեկնածուն անպայման դառնա ՀՀ նախագահ»: «Այդպիսի հազարավոր մարդիկ կան, եւ բնական է, որ ընտրությունների ժամանակ խոսում են հենց նրանք: Բայց կան հարյուր հազարավոր մարդիկ, որոնք որեւէ առնչություն չունեն քաղաքական-չինովնիկական վերնախավի այդ խաղերի հետ», - ընդգծում է «Առավոտ»-ի խմբագիրը` ի վերջո կանխատեսելով. - «Խուսափել քաղաքական գործիչների փոխադարձ «կծմծոցների» լուսաբանումից մեր թերթը, բնականաբար, չի կարող»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը «Հայոց Աշխարհ» թերթի հարցին, թե «Լեւոն Տեր Պետրոսյանը, իր տասնամյա լռությունը խախտելով, որեւէ նոր բան ասա՞ց, որեւէ նոր այլընտրանք առաջարկե՞ց», պատասխանել է. - «Հասարակության մեջ իրոք կա մի խավ, որ հայտնության է սպասում։ Մեր քաղաքական դաշտում բոլորն իրար շատ լավ ճանաչում են, եւ հայտնություն լինել չի կարող»։ «Մեր ներքաղաքական դաշտը շատ բարդ է, եւ հայտնությունների սպասել պետք չէ», - պնդել է Սաֆարյանն ու գնահատել. - «Լեւոն Տեր-Պետրոսյանն անգամ այլընտրանքային, նոր որեւէ հնարք չգործադրեց։ Ներկայացավ հին, արդեն մի անգամ ժողովրդի հիմնավոր ժխտմանն արժանացած գաղափարներով ու հասարակության մերժումն ստացած թեմայով։ Ինչպե՞ս կարելի է քաղաքականություն վերադառնալ հին, անարդյունավետ տեխնոլոգիաներով, մերժված գաղափարներով ու փորձել քաղաքական դաշտը հետ տանել դարձյալ փոխադարձ ատելության միջավայր»։

«Հայք»-ի գլխավոր խմբագիրը, անդրադառնալով նախօրեին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած գնահատականներին, հակադարձել է. - «Ռոբերտ Սեդրակիչը ինքնամոռացության մի պահի նույնիսկ փորձեց սպառնալ Տեր-Պետրոսյանին, հետո կենտրոնացավ ու հիշեց, թե ինքը ինչ բյուջե է ընդունել եւ ինչ բյուջե ունի հիմա Հայաստանը, ապա նաեւ շատ հուզված հիշեց, որ Երեւանում 1996-ին լուսավորվում էր ընդամենը երեք փողոց»։ «Հուսանք՝ առաջիկայում նա ուժ կգտնի իր մեջ ու կպատասխանի այդ հարցերին», - ընդգծել է թերթն ու հավելել. - «Երեւի ժամանակին դաշտային հրամանատար եղած Քոչարյանը չի զլանա հիշել, թե ավելի վաղ Ադրբեջանի հետ հակամարտության մեջ ներքաշված Հայաստանից քանի միլիոն էր խլում պատերազմի մեկ օրը։ Եթե Քոչարյանը լռի ու ոչինչ էլ չասի, այդ դեպքում մենք կհրապարակենք տվյալները։ Մենք ընթերցողին նաեւ կտեղեկացնենք, թե որքան էր Ադրբեջանի բյուջեն 96-ին ու որքան է հիմա»։

Պատասխանելով «Ժամանակ-Երեւան» թերթի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրմանը, «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը նկատել է. - «Ցանկացած ոք իրավունք ունի առաջադրվելու։ Շատ հարգանքով եմ վերաբերվում առաջին նախագահին, բայց Արցախի խնդրի կարգավորման շուրջ մեր պատկերացումները կարծես թե շարունակվում են արմատապես տարբերվել... Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը կորոշի առաջադրվել եւ կներկայացնի իր ծրագրերը, այդ ժամանակ առավել հստակ հնարավոր կլինի արձանագրել մեր հայացքների նմանություններն ու տարբերությունները եւ կատարել ինչ-ինչ եզրակացություններ»։

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանն ի պատասխան, որ եթե առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մտնի քաղաքական պայքարի մեջ, «դառնալու շարքային ընդդիմադիր գործիչ», ՀԺԿ-ի քաղխորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է. - «Որպես շարքային ընդդիմության ներկայացուցիչ՝ ուզում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին զգուշացնել այն բոլոր վտանգների մասին, որ կան շարքային ընդդիմադիրների համար։ Շարքային ընդդիմադիր լինել նշանակում է, որ կարող են հարձակվել գրասենյակի վրա, ավերել, ձերբակալել եւ այլն»։ «Հայաստանում շարքային ընդդիմադիր լինելը նշանակում է լինել վտանգված», - որակել-ամփոփել է ՀԺԿ-ական գործիչը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG