Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյանը «հիասթափված է» առաջին նախագահի ելույթից


Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանը «հիասթափված է» նորանկախ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` ուրբաթ օրվա ելույթում հնչեցրած քաղաքական գնահատականների եւ երկրի ներկայիս իշխանությունների դեմ ուղղված քննադատության կապակցությամբ:

«Անկեղծ ասած` հիասթափություն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում երեքշաբթի օրը ասաց Մանուկյանը: - «Որովհետեւ մասը, որը նկարագրում է ներկա վիճակը, քննադատում է մաֆիոզ կլանային կառույցները, անօրինականություններ, ոչ ազատ հեռուստատեսություն, կեղծված ընտրություններ եւ այլն, բայց պետք է հիշել, որ նույն մեղադրանքները` այս կամ այն ձեւով, մի քիչ մեղմ կամ ավելի խիստ, տրվել են նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ: Եվ ինքը իր ելույթը պիտի կառուցեր ուրիշ ձեւով. պետք է ցույց տար արմատները, պետք է որոշակի բացատրություններ տար»:

Այլապես, ըստ ԱԺՄ-ի նախագահի` «ստացվում է, որ նույն բանը այն ժամանակ ճիշտ էր, հիմա սխալ է»:

Մանուկյանը անդրադարձավ նաեւ Տեր-Պետրոսյանի ելույթի այն մասին, որը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին. - «Ինքը ասաց, որ Ադրբեջանը չի գնա զիջումների: Ես բազմիցս եմ դա ասել, բայց այդտեղից մենք երկու տարբեր եզրակացությունների ենք գալիս: Իմ տպավորությունն այն է, որ ինքը ասում է` Ադրբեջանը չի գնում զիջման, մենք պետք է գնանք զիջման: Ես ասում եմ` Ադրբեջանը չի գնում զիջման, պետք է այնքան առաջ գնալ, որ Ադրբեջանը ստիպված համաձայն լինի զիջման»:

«Ղարաբաղի հարցի մասին կարծիքը, պարզվեց, որ նույնն է, ինչ որ այն ժամանակ», - շարունակեց Մանուկյանը: - «Քաղաքական դաշտում կարծիքները նորից նույնն են, ինչ որ մենք անընդհատ լսել ենք ՀՀՇ-ամետ ուժերից: Այսինքն` մինչեւ 98 թիվը Հայաստանում ամեն ինչ լավ էր, 98 թվից փչացավ: Ես համաձայն չեմ այդպիսի գնահատականների հետ: Այդ փչացումը շատ ավելի շուտ է սկսվել, եւ այդտեղ կան ե’ւ օբյեկտիվ պատճառներ, ե’ւ հանցագործություններ, սխալներ: Այն մարդիկ, ովքեր երկար ժամանակ վարել են իշխանություն, եթե նրանք բացատրություններ չեն տալիս այդ ամեն ինչին, այլ միայն քննադատում են այն, ինչ հիմա կա, եւ որը նախկինի շարունակությունն է կամ կրկնողությունը, դա լուրջ չէ»:

Հարցին, թե ինչպե՞ս կանդրադառնա Տեր-Պետրոսյանի հնարավոր վերադարձը քաղաքական դաշտի վրա, համաձա՞յն է ղեկավար դաշնակցականների կարծիքին, թե Տեր-Պետրոսյանը առաջադրումը նախագահական ընտրություններում կհանգեցնի «ավելի սուր, գաղափարական պայքարի», Մանուկյանը արձագանքեց. - «Ավելի գաղափարական ինչի՞ շնորհիվ պետք է լինի... Քաղաքական պայքարում միշտ էլ պակաս չի եղել գաղափարների, իրականացման պրոբլեմ է եղել: Եվ պրոբլեմ է եղել` այդ գաղափարները առաջ տանողները իրականում իրենք այդ սկզբունքները պաշտպանե՞լ են իրենց կյանքում»:

«Գաղափարները կան», - շարունակեց նա, - «եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, երբ մեղադրվում էր այն ժամանակ էլ, [մեղադրանքը] այն մասին էր, որ այդ գաղափարներից շեղված կառուցվեց մի բան, որը չէր համապատասխանում այն գաղափարներին, որոնց համահեղինակ էր նաեւ ինքը` Հռչակագրի եւ Շարժման գաղափարական սկզբունքների»:

Հարցին, թե կարո՞ղ է Տեր-Պետրոսյանը, իր ջանքերն ու ազդեցությունը ներդնելով համախմբել, իր իսկ խոսքերով` «հասարակական-քաղաքական առողջ ուժերին», Վազգեն Մանուկյանը պատասխանեց. - «Եթե ձեւավորվի միասնական դաշտ, Լեւոն Տեր-Պետրոսյանը օգտակար կարող է լինել այդ պայքարի մեջ` իր բաժնով»:

Բայց նման միասնական դաշտի ձեւավորման շանսեր, ըստ Մանուկյանի, «առայժմ դեռ չեն երեւում»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG