Մատչելիության հղումներ

Աշխարհի 7 հազար լեզուներից դարավերջին կմնա մոտ կեսը


Lեզվաբանների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշխարհում ներկայումս գոյություն ունեցող 7 հազար լեզուներից դարավերջին կմնա մոտ կեսը: Ընդ որում, լեզուները գործածությունից դուրս են գալիս շատ արագ` յուրաքանչյուր երկու շաբաթում մեկ լեզու է մեռնում:

Ուսումնասիրության անցկացմանը օժանդակել են National Geographic ընկերակցությունը եւ Կենդանի ու վտանգված լեզուների ինստիտուտը:

Լեզվաբան, պրոֆեսոր Դեյվիդ Հարիսոնը հեռուստակոնֆերանսում, որին նաեւ լրագրողներ էին մասնակցում, ասել է, թե աշխարհում գոյություն ունեցող լեզուների ավելի քան կեսը գրավոր ձեւով այլեւս չեն օգտագործվի եւ կկանգնեն մոռացվելու վտանգի առջեւ:

Որոշ լեզուներ մեռնում են, երբ մահանում են այն օգտագործող եզակի մարդիկ, մյուսները աստիճանաբար են անհետանում, քանի որ այն գործածող մարդիկ սկսում են խոսել այլ լեզվով: Մարդիկ տեղափոխվում են այլ բնակավայրեր, փոխվում է շրջապատը, մշակույթը, եւ նրանք օգտագործում են աշխատանքում, դպրոցներում, հաղորդակցության մեջ, լրատվամիջոցներում ավելի մեծ դեր ունեցող լեզուներ:

Նոր ուսումնասիրությունը վկայում է, որ աշխարհում 5 շրջաններ կան, որտեղ լեզուները շատ արագ են անհետանում` Հյուսիսային Ավստրալիայում, Հյուսիսային Ամերիկայի` Խաղաղ օվկիանոսի ափամերձ շրջաններում, Սիբիրի արեւելյան շրջաններում եւ ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգում ու հարավարեւմտյան շրջաններում:

Օրինակ, Ավստրալիայում տեղաբնակների մի լեզու կա, որը հիմա օգտագործում է ընդամենը 231 մարդ, ընդամենը 3 մարդ է խոսում մեկ այլ լեզվով: Միացյալ Նահանգների հնդկացիների լեզվախմբերի մեջ մի լեզու կա, որը գիտի ընդամենը 5 մեծահասակ մարդ:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG