Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը եւ Հարութ Սասունյանը քննարկել են Ղարաբաղ - սփյուռք կապերի ընդլայնման հետ կապված հարցեր


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ Երեւանում հանդիպել է Հայկական միացյալ հիմնադրամի նախագահ, «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանի հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Ղարաբաղի սոցիալ-տնտեսական իրավիճակը, Ղարաբաղ - սփյուռք կապերի ընդլայնմանն ու խորացմանը, Ղարաբաղում Հայկական միացյալ հիմնադրամի կողմից տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարներին առնչվող հարցեր:

Նույն օրը նախագահը ուղերձ է հղել Հայկական միացյալ հիմնադրամին, որում, մասնավորապես, ասված է. - «Հայկական միացյալ հիմնադրամը հանդիսանում է այն կարեւորագույն օղակներից մեկը, որն ամրապնդում է Արցախ - Հայաստան - Սփյուռք եռամիությունը: Հիմնադրամը գործուն մասնակցություն է ունենում Հայաստանում եւ Արցախում կենսական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմանը, որը շոշափելի խթան է հանդիսանում տնտեսության զարգացման ու սոցիալական իրավիճակի բարելավման համար: Ձեր հայրենանվեր գործունեությունը արժանի է ամենամեծ գնահատանքի»:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Բակո Սահակյանը աշխատանքային այցով Երեւանում է սեպտեմբերի 18-ից եւ Ստեփանակերտ կվերադառնա Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա տոնակատարություններին մասնակցելուց հետո:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG