Մատչելիության հղումներ

Կրոնի ազատության առումով Հայաստանում անցած տարվա համեմատությամբ «էական փոփոխություն չկա»


Կրոնի ազատության 1998 թվականի օրենքի համաձայն, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն ամեն տարի Կոնգրեսին ներկայացնում է զեկույց աշխարհի երկրներում կրոնի հանդեպ վերաբերմունքի, տարբեր դավանանքների պատկանող համայնքների միջեւ հաստատված հարաբերությունների եւ կրոնական հանդուրժողականության մասին:

Այս տարվա զեկույցում ընդգրկված են 2006 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2007-ի հունիսի 30-ը գրանցված զարգացումները:

Զեկույցի՝ Հայաստանին վերաբերող բաժնում նշվում է, որ անցած տարվա համեմատությամբ էական փոփոխություն չկա: Տարբեր դավանանքների հետեւորդների միջեւ հանդուրժողականության առումով իրավիճակն ընդհանուր առմամբ բարենպաստ է, սակայն հասարակության կողմից կրոնական փոքրամասնությունների նկատմամբ նկատվում է հակասական վերաբերմունք:

ԱՄՆ-ի կառավարությունը Հայաստանի կառավարության հետ կրոնի ազատության թեման քննարկում է մարդու իրավունքների պաշտպանության ապահովմանն ուղղված քաղաքականության համատեքստում: Այդ քննարկումների ընթացքում Միացյալ Նահանգների կառավարությունն ընդգծում է, որ 235 միլիոն դոլարի «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի իրականացումը կախված է Հայաստանի կառավարության կողմից ստանձնած պարտավորությունների կատարումից, մասնավորապես` «արդար կառավարման» ցուցչից, որը ներառում է նաեւ կրոնի ազատությունը:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանում հավատացյալների շուրջ 90 տոկոսը Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ են: Գոյություն ունեն համեմատաբար փոքրաթիվ այլ համայնքներ՝ կաթոլիկներ, բողոքականներ, հուդակայաններ, մահմեդականներ եւ այլ խմբեր: Աթեիստների ստույգ թիվը հայտնի չէ:

Զեկույցում ասվում է, որ Երեւանում գործում է Կապույտ մզկիթը, որը բաց է ուրբաթօրյա աղոթքների համար: Այն կառուցվել է 18-րդ դարում եւ վերջին տարիներին վերականգնվել է Իրանի աջակցությամբ: Այն գրանցված չէ որպես կրոնական կենտրոն, սակայն կառավարությունը չի արգելում տեղի մահմեդականներին աղոթել Երեւանի այդ միակ մզկիթում:

0րենքը թույլատրում է կրոնի ուսուցում պետական դպրոցներում, ծրագրի հիմքում Հայ Առաքելական եկեղեցու պատմությունն է: Աշակերտները կարող են չհաճախել կրոնական կրթության դասերին: Տարրական եւ միջնակարգ դպրոցներում դասավանդվում է համաշխարհային եկեղեցիների պատմությունը: Կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները չեն կարող դասավանդել պետական դպրոցներում, սակայն իրավունք ունեն դա անել մասնավոր տներում՝ իրենց երեխաների համար:

Հայ Առաքելական եկեղեցու սպասավորներ կան նաեւ բանակում, սակայն կրոնական որեւէ այլ խմբավորման ներկայացուցիչ բանակում քարոզելու եւ կրոնական ծես կատարելու իրավունք չունի:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը նշում է, որ «զեկույցում ընդգրկված ժամանակաշրջանում կրոնական համայնքները չեն հաղորդել իրենց գործունեությանը խոչընդոտող լուրջ միջադեպերի մասին»: Նշվում է սակայն, որ 1991 թվականի Խղճի ազատության օրենքը արգելում է «պրոզելիտիզմը»՝ հավատորսությունը: Արգելքը վերաբերում է նաեւ Հայ Առաքելական եկեղեցուն, եւ, այնուամենայնիվ, ըստ զեկույցի, այն հիմնականում սահմանափակում է կրոնական փոքրամասնությունների գործունեությունը:

Հայ Առաքելական եկեղեցին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի անդամ է եւ, չնայած դավանաբանական որոշ տարբերությունների` բարեկամական հարաբերություններ ունի քրիստոնեական հիմնական ուղղությունների, այդ թվում ուղղափառ, կաթոլիկ եւ որոշ բողոքական եկեղեցիների հետ:

Զեկույցում ասվում է, որ բնակչության մեծ մասը բացասական վերաբերմունք ունի «Եհովայի վկաներ» խմբի հանդեպ, որովհետեւ «եհովականները հրաժարվում են ծառայել բանակում»: Բացի այդ, կա համատարած կարծիք, որ նրանք «զբաղված են հոգեորսությամբ հատկապես ընչազուրկների շրջանում»:

Տեղական մամուլում հրապարակվող հոդվածներում երբեմն կասկածամտություն է նկատվում ոչ ավանդական կրոնական կազմակերպությունների նկատմամբ: Զեկույցում ասվում է, որ, ի տարբերություն նախորդ տարիների, հրեական համայնքը չի հաղորդել որեւէ միջադեպի կամ վիրավորական վերաբերմունքի մասին:

Նշվում է, որ, 2005 թվականի մարտի 18-ին Հայ արիական միաբանության ղեկավարը դատապարտվել է երեք տարվա պայմանական ազատազրկման՝ հրեաներին եւ եզդիներին հասցեագրած սպառնալիքների համար:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի այս տարվա զեկույցում «առավել մտահոգություն ներշնչող» երկրների ցանկում ընդգրկված են Բիրման, Չինաստանը, Էրիթրեան, Իրանը, Հյուսիսային Կորեան, Սաուդյան Արաբիան, Սուդանը եւ Ուզբեկստանը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG