Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«168 ժամ»-ը, «Show Must Go On» խորագրի ներքո անդրադառնալով Դաշնակցության Գերագույն ժողովի արդյունքներին, գրում է. - «Ի հեճուկս բոլոր այն կանխատեսումների, թե Դաշնակցությունն առաջիկա նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չի ունենա, երեկ ՀՅԴ` Ստեփանակերտում կայացած Գերագույն ժողովը որոշել է, որ «ՀՀ նախագահի թեկնածու կառաջադրի` ընտրություն կատարելով ընկերներ Վահան Հովհաննիսյանի եւ Արմեն Ռուստամյանի միջեւ»: Դաշնակցականները նախագահի թեկնածու են ընտրելու նոյեմբերին կայանալիք «արտակարգ Գերագույն ժողովում»: Այսինքն` առաջիկա երկու ամիսների ընթացքում նախագահի թեկնածուի թեկնածուներ Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանը պայքարելու են իրար դեմ` քարոզչություն են իրականացնելու, մերկացնելու են մեկը մյուսին, գուցե նաեւ ընտրակաշառքներ են բաժանելու հարազատ ընկերների շրջանում»: Իսկ իրականում, ըստ թերթի, «սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ ՀՅԴ-ն ընտրություններից առաջ ուղղակի շոու է բեմադրում». - «Իսկ նման դեպքերում որքան թամաշան շատ է լինում, այնքան շոուն դիտարժան է դառնում»:

Դաշնակցության Գերագույն ժողովին է անդրադարձել նաեւ «Ժամանակ Երեւան» թերթը իր խմբագրականում: Հեղինակի գնահատմամբ, Դաշնակցության կայացրած որոշումը «նշանակում է, որ 11-րդ Գերագույն ժողովում ընկերներն ընդհանուր հայտարարի չեն եկել ՀՅԴ թեկնածուի կապակցությամբ, կարծիքները բաժանվել են, եւ որոշում է կայացվել մի անգամ էլ «արտակարգ ժողովում» քննարկել այդ հարցը»: «Ըստ էության` ընկեր Վահանի եւ ընկեր Արմենի միջեւ տարբերությունը մեծ չէ, համենայնդեպս հանրության համար: Երկուսին էլ հասարակությունը գրեթե միանման է վերաբերվում: Տարբերությունը նրանում է, որ հանրության գիտակցության մեջ ոչ մի կերպ չի տեղավորվում` ինչպե՞ս կարելի է կերակրատաշտից օգտվել, լինել իշխանության մեջ, զբաղեցնել առնվազն երեք նախարարական, բազում փոխնախարարական եւ այլ պորտֆելներ ու ընդդիմադիր կեցվածք գրավել», - գրում է թերթը: «Եթե կա համաձայնություն Հանրապետականի եւ ՀՅԴ-ի միջեւ, ապա ինչպե՞ս հասկանալ սեփական թեկնածուով հանդես գալու որոշումը», - հարց է տալիս հեղինակը` եզրակացնելով. - «Իրոք որ, Հայաստանում ամեն ինչ զավեշտի է վերածվել»:

Ղարաբաղյան կարգավորման գործընթացի ներկա փուլը բնութագրելով` «Տարեգիր» թերթի խմբագրականը փաստել է. - «Օրեցօր ավելի ու ավելի սուր բնույթ են կրում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների, ինչպես նաեւ Ադրբեջանի ընդդիմության հայտարարությունները։ Մերոնք էլ հետ չեն մնում եւ հարկ եղած դեպքերում իրենց պատասխան հայտարարություններով արժանի հակահարված են տալիս։ Մի խոսքով, ղարաբաղյան բանակցությունները դե ֆակտո ավարտված են, եւ Հայաստանն ու Ադրբեջանը թեւակոխել են բանավոր պատերազմի փուլ»։ «Ասվածն, իհարկե, վերաբերվում է Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանություններին ու քաղաքական վերնախավին», - նկատել է գլխավոր խմբագիրն ու հավելել. - «Իսկ թե ինչ է մտածում ժողովուրդը, ոչ ոքի հայտնի չէ, ավելի ճիշտ՝ ոչ ոքի չի հետաքրքրում։ Եվ առնվազն ծիծաղելի է, որ այս պայմաններում շարունակում են խոսել բանակցային գործընթացի արդյունավետությունից»։

«Հայք» թերթի մեկնաբանը, վերլուծելով հայաստանյան քաղաքական գործընթացների վրա գերտերությունների հնարավոր ազդեցությունները, գնահատել է. - «Մտայնությունը, թե Հայաստանի ընտրությունների արդյունքները կանխորոշվում են Արեւմուտքում կամ Ռուսաստանում, թյուրիմացության ժանրից է: Որեւէ երկիր էական դերակատարություն չի ստանձնի Հայաստանում ընտրությունների արդյունքը կանխորոշելու: Այն պարզ պատճառով, որ Հայաստանը դուրս է նրանց շահերի կիզակետից եւ լուրջ չի ընկալվում, որքան կարող է թվալ եսակենտրոնությունից ողջամտությունը կորցրած հայերիս: Ըստ այդմ` գերտերությունների ազդեցությունն ավելի չէ մեկ-երկու տոկոսից»:


«Առավոտ»-ի հարցազրույցում արձագանքելով պնդմանը, որ «ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանն է ուզում վերադառնալ, այլ նրա շրջապատն է ուզում վերադարձնել ՀՀ առաջին նախագահին», «Իմպիչմենտ» դաշինքի անդամ Վահագն Խաչատրյանը հակադարձել է. - «Կարծում եմ, այս 10 տարիներին բոլորն էլ հասկացան՝ ով ով է։ Խնդիրը Տեր-Պետրոսյանի վերադարձով նրա շրջապատի՝ իշխանության գալու հարցը լուծելը չէ։ Մենք այլ խնդիր պետք է լուծենք։ Ինչպե՞ս ենք տեսնում Հայաստանի ապագան՝ այսօրվա իշխանությունո՞վ, վստահ եմ, շատերը կասեն՝ ոչ»։ «Այդ դեպքում, ինչպիսի՞ն պետք է լինի գալիք իշխանությունը», - հարցրել է «Իմպիչմենտի» ներկայացուցիչն ու պնդել. - «Համոզված եմ, որ այն պետք է հենվի միայն ժողովրդի վրա, իսկ դա նշանակում է, որ հաջորդ իշխանությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի շրջապատից ավելի մեծ շրջանակ է ընդգրկելու»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG