Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները Թուրքիային կոչ է անում բացել Հայաստանի հետ սահմանը


Միացյալ Նահանգները Թուրքիայի նորընտիր ղեկավարներին համարում է ԱՄՆ-ի բարեկամներ եւ կոչ է անում լուրջ եւ վճռական քաղաքական քայլեր կատարել` հրաժարվել Իրանի հետ էներգետիկ համագործակցության գործարքից, բացել Հայաստանի հետ սահմանը, վերացնել խոսքի ազատության խոչընդոտները, վերաբացել Հույն ուղղափառ եկեղեցու կրոնական դպրոցը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բըրնսը:

«Թրքիշ դեյլի նյուս»-ի փոխանցմամբ, Ատլանտյան խորհրդում շաբաթավերջին անցկացված հանդիպման ժամանակ իր ելույթում Բըրնսը անդրադարձել է ԱՄՆ - Թուրքիա հարաբերություններին, դրանց հեռանկարներին ու մարտահրավերներին:

«Մենք ողջունում ենք նախագահի պաշտոնում Աբդուլա Գյուլի ընտրությունը», - ասել է պետքարտուղարի տեղակալը` նշելով, որ Գյուլի եւ Էրդողանի դաշինքը Միացյալ Նահանգների համար շատ դրական է:

Նիկոլաս Բըրնսը բարձր է գնահատել Թուրքիայի դերը` որպես կամուրջ Արեւմուտքի եւ անկայուն Մերձավոր Արեւելքի միջեւ: Նա ասել է, թե Թուրքիան շատ հաջող օրինակ է, թե ինչպես մահմեդական բնակչություն ունեցող երկրում կարող է ժողովրդավարություն լինել: Նրա խոսքերով, Գյուլի ընտրությունը ցույց տվեց Թուրքիայի ժողովրդավարության հասունությունը:

Պետքարտուղարի տեղակալը Թուրքիային կոչ է արել հետ կանգնել Իրանի հետ էներգետիկ համագործակցության ծրագրից, որի վերաբերյալ այս ամռանը պաշտոնական Անկարայի եւ Թեհրանի միջեւ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:

«Հիմա ժամանակը չէ Իրանի հետ բիզնեսի համար», - հայտարարել է Բըրնսը:

Ամերիկացի դիվանագետը Թուրքիային հորդորել է նաեւ Քրեական օրենսգրքից հանել խոսքի ազատությունը սահմանափակող 301 պատժիչ հոդվածը:

Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին` Նիկոլաս Բըրնսը ասել է, թե ԱՄՆ-ի վարչակազմը դեմ է Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւի ընդունմանը Ներկայացուցիչների պալատում: Միաժամանակ, նա Թուրքիային հորդորել է վերակառուցել հարաբերությունները Հայաստանի հետ. - «Մենք կոչ ենք անում Թուրքիային նորմալացնել հարաբերությունները եւ բացել սահմանը Հայաստանի հետ»:

«Թրքիշ դեյլի նյուս»-ը տեղեկացնում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը առաջիկա երկու շաբաթվա ընթացքում մեկնելու է Միացյալ Նահանգներ, ուր հանդիպելու է նախագահ Ջորջ Բուշի հետ:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG