Մատչելիության հղումներ

Վանաձորցիները բողոքում են ընդդեմ իրավապահների բռնությունների


Ազգային ժողովի շենքի մոտ հինգշաբթի օրը բողոքի ցույց էին կազմակերպել Վանաձորի «Բելիսիմո» համալիրի աշխատակիցներն ու նրանց ծնողները` պահանջելով հանդիպում Ազգային ժողովի նախագահի եւ գլխավոր դատախազի հետ:

«Բելիսիմո» համալիրը պատկանում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբորորդուն` անցած շաբաթավերջին ապօրինի ռազմամթերք պահելու մեղադրանքով ձերբակալված Արման Դարբինյանին: Հայաստանի գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը ժխտել էր, թե ձերբակալությունն առնչվում է Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանության գործին:

Երեկվա ցույցի մասնակիցները, սակայն, փոխանցեցին իրենց տպավորությունը, թե «դատախազությունը հատուկ հրահանգ ունի» Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանության գործը բարդել Վանաձորի քաղաքապետի ընտանիքի անդամների վրա:

«Վանաձորում վախի մթնոլորտ է: Մարդկանց բռնում են փողոցից, տանում են դատախազություն, ծեծում, ստորացնում էին», - ասում էին ցույցի մասնակիցները` հավելելով, որ մարդկանց չէին էլ տեղեկացնում, թե ինչ կարգավիճակով են այդ պահին գտնվում դատախազությունում. քննիչները գրում էին ինչ-որ ցուցմունքներ եւ ուժով ստորագրել տալիս դրանք:

«Մեզ տարել էին հարցաքննելու, բայց չէին հարցաքննում, ուղղակի հարվածում էին գլխիս, դեմքիս: Ես անընդհատ շեշտում էի, որ ես երրորդ կարգի հաշմանդամ եմ, բայց նրանք դա հաշվի չէին առնում... Ծեծում էին անընդհատ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Բելիսիմո»-ի մատուցողներից Արման Ներսիսյանը:

Մատուցողուհի Սաթենիկ Պարսամյանը Լոռու մարզի դատախազի սպանության օրը աշխատանքի վայրում չի եղել, բայց դատախազությունում իրեն փորձել են ստիպել ստորագրել ցուցմունք համալիրի տնօրինության դեմ. - «Բազմաթիվ հայհոյանքներով... մանավանդ Կիրովականի քննիչ Մարզպետ Խաչատրյանը: Ձեռքով մի քանի անգամ խփեց...»:

Ծեծել են նաեւ Աննա Թումանյանին եւ ստիպել ստորագրել իրենց գրած ցուցմունքը. - «Ես չեմ իմացել ինչ են գրել: Ես իրենց հարցրեցի` տվեք տեսնեմ ինչ եք գրել, իրենք կոպիտ պատասխանեցին` ոչ, սա քեզ չի վերաբերում, դու պետք է ստորագրես»:

«Բելիսիմո»-ի մենեջեր Աշոտ Ղուկասյանի մոր խոսքերով, իր որդին երկու օր անհետացած է եղել: Ի վերջո, պարզել են, որ դատախազությունում է. - «Իմ տղային ահավոր ծեծել էին... Երեւանի դատախազության աշխատողները»:

Ծեծել ու ստորացրել են նաեւ մյուս մենեջերին` Կարեն Դոդոռյանին:

Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ դեպքերն ուսումնասիրելու նպատակով գլխավոր դատախազը ծառայողական քննություն անցկացնելու որոշում է ընդունել:

Վանաձորից ընտրված պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի միջնորդությամբ, երեկ երեկոյան Աղվան Հովսեփյանը հանդիպելու էր բողոքող վանաձորցիների հետ:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG