Մատչելիության հղումներ

«Հայմամուլ»-ի սեփականատերը հաստատում է ընկերության վաճառքի մասին տեղեկությունները


«Հայմամուլ» ընկերության սեփականատեր Հայկարամ Մխիթարյանը հինգշաբթի օրը հաստատեց վերջին օրերին շրջանառվող տեղեկությունները ընկերության սեփականության մի մասի վաճառքի վերաբերյալ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Մխիթարյանը ասաց, որ գնորդը «Սովռանո» ընկերությունն է, որը պատկանում է Արման Սահակյանին:

Հայկարամ Մխիթարյանի փոխանցմամբ` այլ գնորդներ չեն եղել. միակ առաջարկը «Սովռանո» ընկերությունն է արել: Վաճառվող սեփականությունը երկրի ողջ տարածքում գտնվող շուրջ 200 թերթի կրպակներն են:

Հարցին, թե ինչո՞ւ է ընկերությունը որոշել վաճառել թերթի կրպակները, Մխիթարյանը ասաց, թե դրանք շահավետ չեն «Հայմամուլ»-ի համար. մեծ գումարներ են հարկավոր այդ կրպակները պահելու, կրպակավաճառներին աշխատավարձ եւ թոշակ վճարելու համար:

Ըստ Հայկարամ Մխիթարյանի, «Սովռանո» ընկերությունը կարող է այդ կրպաները գնելուց ու վերակառուցելուց հետո, թերթերից ու ամսագրերից բացի, այլ ապրանք էլ վաճառել:

Հայաստանյան մամուլի որոշ հրապարակումներում, մինչդեռ, ասվում է, թե կրպակների իրական գնորդը վարչապետ Սերժ Սարգսյանի փեսան է: Այս հանգամանքը հատկապես մտահոգիչ է ընդդիմադիր թերթերի համար, քանի որ նոր սեփականատերը կարող է խոչընդոտներ հարուցել թերթերի վաճառքի հարցում:

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը մտավախություն ունի, որ գործարքը կարող է ունենալ «նաեւ քաղաքական ենթատեքստ»:

«Հայաստանում տարվել է այնպիսի քաղաքականություն, որ ոչ մի թերթ 6, մաքսիմում 7 հազարից ավելի (խոսքը քաղաքական թերթերի մասին է) տպաքանակ չունենա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Փաշինյանը: - «Օրինակ, «Հայկական ժամանակ» թերթի գոյությունը, մի կողմից, իշխանությանը թույլ է տալիս ասել, որ` տեսեք, կան թերթեր, որոնք եւ այլն, եւ այլն... Մյուս կողմից, այս թերթի գոյությունը, հանրության տեղեկացվածության մակարդակի իմաստով, ոչ մի բան չի փոխում»:

Մինչդեռ, օրաթերթերը, դրանց խմբագիրների պնդմամբ, պատրաստ են ավելացնել տպաքանակները. դրա պահանջարկը կա: Հետեւաբար այդ թերթերը իրացնող եւ դրանից շահույթ ստացող «Հայմամուլ»-ը նույնպես պետք է շահագրգռված լինի ավելի շատ թերթ իրացնել:

Խմբագիրների պնդմամբ, մինչդեռ, այսօր բազմաթիվ գյուղեր թերթերն առհասարակ չեն հասնում, իսկ քաղաքներում իրացվում են սահմանափակ քանակով:

«Ըստ էության, «Հայմամուլ»-ը ամեն ինչ անում է, որպեսզի թերթին խանգարի տպաքանակի բարձրացման հարցերում, ամեն խոչընդոտ ստեղծում է, որպեսզի թերթը մեծ տարածում չգտնի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Ժամանակ - Երեւան» թերթի խմբագիր Արմինե Օհանյանը: - «Իրենք, եթե բիզնես անող կազմակերպություն են, պետք է շահագրգռված լինեն, որ թերթը լավ վաճառեն, տպաքանակը բարձրանա, ինչքան հնարավոր է շատ ընթերցող ունենա... Բայց պրակտիկան ցույց է տալիս, որ իրենք ամեն ինչ անում են ոչ այնպես, ինչպես բիզնեսի կանոններն են թելադրում»:

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ, դրա պատճառն այն է, որ «Հայմամուլ»-ին «չի թույլատրվում ավելի շատ թերթեր տարածել». - «Հայմամուլ»-ի սեփականատերերը ուղղակի հասկացել են, որ քաղաքական պայմաններ չկան, եւ եթե նման փորձեր արվեն, կկասեցվեն»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG