Մատչելիության հղումներ

Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի նոր զեկույցի նախագծում Հայոց ցեղասպանությունը հիշատակված չէ


Եվրամիությանը անդամակցության ճանապարհին Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ Եվրախորհրդարանի նոր զեկույցի նախագծում, որը պատրաստել է Նիդերլանդներից պահպանողական Ռիա Օոմեն-Ռուիյտենը եւ որը խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում քննարկվելու է այսօր, Հայոց ցեղասպանությունը հիշատակված չէ:

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ատենապետուհի Հիլդա Չոբոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ընդգծեց, որ նախորդ բանաձեւերի համեմատ` ներկայացված նախագիծը «նահանջ է, անհավասարակշիռ փաստաթուղթ, որտեղ բացահայտված չէ Թուրքիայում առկա խնդիրների էությունը»:

Նա հիշեցրեց, որ 1987 թվականին Եվրախորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, 2000 թվականից սկսած` յուրաքանչյուր տարի վերահաստատում էր, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, վերացնի Հայաստանի շրջափակումը, բարիդրացիական հարաբերություններ հաստատի. - «Այս բոլոր տարիների, վերջին տարիների զեկույցներից հետքայլ է արձանագրում այս զեկույցը, եւ այս ուղղությամբ է, որ եվրոպահայությունը պետք է աշխատի»:

«Ընդհանրապես, հայկական հարցերը բոլորովին մոռացված են. ցեղասպանության մասին խոսք չկա, շրջափակման մասին շատ աղոտ ձեւով ակնարկ կա, սակայն հստակեցված չէ` ի՞նչի շրջափակում, ո՞ր երկրի շրջափակում. խոսվում է տնտեսական շրջափակման մասին, որից Թուրքիան պետք է հրաժարվի Եվրոպա մտնելու համար», - ասաց Հիլդա Չոբոյանը: - «Եվ վերջապես, առանց բնորոշելու, թե խնդիրը ո՞րն է, զեկույցը կոչ է ուղղում Հայաստանի եւ Թուրքիայի կառավարություններին, որպեսզի հաշտության գործընթաց սկսեն»:

Նոր զեկույցի նախագիծը, կարեւորելով Թուրքիայի բարիդրացիական հարաբերությունները հարեւան երկրների հետ, վերահաստատում է «ակնկալիքը, որ Թուրքիան ձեռնպահ կմնա որեւէ տնտեսական շրջափակումից, սահմաններ փակելուց, հարեւան երկրների դեմ սպառնալիքներից կամ լարվածություն ստեղծող ռազմական գործողություններից», ինչպես նաեւ` վերահաստատում է «հաշտեցման գործընթաց սկսելու` Թուրքիայի եւ Հայաստանի կառավարություններին ուղղված կոչը»:

Նախագիծը նաեւ «խստորեն դատապարտում է Հրանտ Դինքի, Մալաթիայում երեք քրիստոնյաների սպանությունները, քաղաքական շարժառիթներով բռնության մյուս բոլոր ակտերը եւ ակնկալում, որ Թուրքիայի իշխանությունները սպառիչ լույս կսփռեն այդ դեպքերի վրա ու արդարադատության առջեւ կկանգնեցնեն մեղավորներին»: Այդ առնչությամբ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ատենապետուհին ասաց. - «Անշուշտ, կետեր կան, որոնք ընդունելի են, բայց, ընդհանուր առմամբ, շատ քողարկված ձեւով են տրված բուն խնդիրները: Օրինակ, ոչ մի տեղ չի ասվում, որ Հրանտ Դինքը Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման խոսնակն էր դարձել: Այս բոլորը շատ քողարկված ձեւով է ասվում, եւ Հրանտ Դինքը, կարծեք թե, մի անհատ է, որը սպանվեց, եւ պետք չէ, որ այդպիսի բան պատահի»:

«Որոշ չափով` այս բանաձեւը հաճոյակատար բանաձեւ է, որը չպետք է դժգոհ թողնի թուրքական կառավարությանը, եւ, կարծում եմ, այս ձեւով չի կարելի ընդունել այն», - եզրափակեց Հիլդա Չոբոյանը:

Նախագծի քննարկումից հետո Եվրախորհրդարանի պատգամավորները կարող են փոփոխություններ եւ առաջարկներ ներկայացնել մինչեւ սեպտեմբերի 18-ը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG