Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը խորհրդարանական ուժերի հետ խորհրդակցել է վարչապետի թեկնածության շուրջ


Լեռնային Ղարաբաղի նորընտիր նախագահ Բակո Սահակյանը այսօր Ազգային ժողովի խումբ-խմբակցությունների հետ խորհրդակցություններ է անցկացրել, որոնց հիմնական թեման վարչապետի թեկնածությունն էր: Նախագահը գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում առաջադրել է Արա Հարությունյանի թեկնածությունը:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Բակո Սահակյանը նշել է, որ Արա Հարությունյանի թեկնածությունն առաջադրելիս հաշվի է առել նրա «ազնվությունը, մասնագիտական փորձն ու ունակությունները, անցած մարտական եւ քաղաքական ուղին»:

Նախագահը վստահեցրել է, որ քաղաքական խորհրդատվությունները եւ քննարկումներն այսուհետ կդառնան ավանդական երկրի համար կարեւորագույն որոշումներ կայացնելիս:

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի մամուլի ծառայության վկայությամբ, խորհրդարանական մեծամասնության` «Ժողովրդավարություն» խմբակցության հետ հանդիպման ժամանակ Արա Հարությունյանը ասել է, որ «նոր կառավարության գործունեության համար հիմք են ծառայելու պետության ղեկավարի նախընտրական ծրագրի դրույթները, որոնք, ընդհանուր առմամբ, ներառում են երկրի առաջատար քաղաքական ուժերի տեսակետները»։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետի նշանակման հարցը խորհրդարանը լիագումար նիստում կքննարկի, ամենայն հավանականությամբ, սեպտեմբերի 14-ին:

«Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վահրամ Աթանեսյանը, իր հերթին, տեղեկացրել է, որ խմբակցությունը պաշտպանելու է Արա Հարությունյանի թեկնածությունը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG