Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը նշում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցը


Նյու 3որքում եւ Վաշինգտոնում այսօր հարգանքի տուրք են մատուցում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների շուրջ 3 հազար զոհերի հիշատակին:

Նյու 3որքում սգո արարողությունները տեղի կունենան ոչ թե Ground Zero-ում՝ շրջանում, որտեղ ժամանակին կանգնած են եղել Առեւտրի համաշխարհային կենտրոնի զույգ երկնաքերները, այլ թաղամասին հարող զբոսայգում:

Ground Zero-ն ռազմական տերմին է՝ «Զրոյական ֆունդամենտ». այդպես անվանում են միջուկային պայթյունի էպիկենտրոնը:

Այդ անունն է ստացել նաեւ ավերված երկնաքերների տեղը, որտեղ այժմ կառուցում սեպտեմբեր 11-ի ահաբեկչության զոհերի հուշակոթողը եւ նոր շենքեր:

Ավանդական դարձած կարգով այսօր կընթերցվեն զոհվածների անունները, ընթերցումը 4 անգամ կընդհատվի լռության րոպեով. այդպես արարողության մասնակիցները կհիշատակեն նախ երկու օդանավերի բախումը շենքերին, ապա երկու շենքերի ավերումը:

Երեւանի ժամանակով 17:46 Նյու 3որքում ղողանջելու են զանգերը. 2001-ի սեպտեմբերի 11-ին հենց այդ պահին է ահաբեկիչների առեւանգած օդանավը բախվել Հյուսիսային երկնաքերին:

Լրատվական գործակալությունները նշում են, որ այս տարվա արարողությունները նախորդ տարիների համեմատությամբ ավելի համեստ են կազմակերպվում: Անցյալ տարի նախագահ Ջորջ Բուշն անձամբ ծաղկեպսակ էր դրել Ground Zero-ում: Այս տարի նա իր հայրենակիցներին հորդորել է հիշատակի արարողություններով եւ մոմերով նշել սեպտեմբերի 11-ը եւ ասել է, որ ինքը կմասնակցի Վաշինգտոնում կայանալիք սգո միջոցառումներին: Սպիտակ տանը նույնպես կհայտարարվի լռության րոպե:

Նյու 3որքում սգո միջոցառումները նախագահելու է քաղաքապետ Մայքլ Բլումբերգը: Մասնակիցների թվում կլինի նաեւ նրա նախորդը՝ հանրապետական Ռուդոլֆ Ջուլիանին:

«Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ, զոհվածների ազգականներից շատերը քննադատել են Ջուլիանիի մասնակցության փաստը` պնդելով, թե նրան նախագահական հավակնություններն են ստիպում այցելել Ground Zero:

Արարողություններին ներկա կլինի նախագահության մեկ այլ թեկնածու՝ ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին, Նյու 3որքից ընտրված դեմոկրատ սենատոր Հիլարի Քլինթոնը:

Պենտագոնում, որի մի հատվածը 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ավերվել էր առեւանգված երրորդ օդանավի բախումից, սգո արարողությունը նախագահելու է պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը:

Արարողություն տեղի կունենա նաեւ Փենսիլվանիայում, որտեղ Շենքսվիլ ավանի մոտակայքում վայր էր ընկել Ալ Ղաիդայի ահաբեկիչների առեւանգած չորրորդ օդանավը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG