Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ժամանակ Երեւան»-ը գրում է. - «Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջապատի` նա պատրաստվում է մոտ ժամանակներս հանդիպել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ»: Այս հանդիպումներով, ըստ թերթի, «Տեր-Պետրոսյանը կսահմանափակի իր կոնսուլտացիաները քաղաքական դաշտի հետ եւ վերջնական որոշում կկայացնի»: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, «ամենավատ տպավորությունը Տեր-Պետրոսյանի վրա թողել է «Ազգային միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանը, որն ըստ երեւույթին համագործակցության ոչ մի ցանկություն չի դրսեւորել»: «Մյուս բոլոր գործիչները հակված են համատեղել ջանքերը եւ միասնական թեկնածուի հարցում ինչ-որ ընդունելի համաձայնության գալ», - գրում է «Ժամանակ Երեւան»-ը:

«Հայկական ժամանակ»-ը, անդրադառնալով գլխավոր դատախազի պաշտոնում Աղվան Հովսեփյանի թեկնածության առաջադրմանը, գրում է. - «Չնայած կասկած չկա, որ խորհրդարանը տվյալ պարագայում ընդամենը դակողի դերակատարում է ստանձնելու, դատախազության համակարգը քափ-քրտինքի մեջ ջանք է թափում, որ Աղվան Հովսեփյանին խորհրդարանի ամբիոնից հայ հասարակությանը զարմացնելու հնարավորություն տա»: «Խոսքը այն միջոցների մասին է, որ իրավապահները կիրառում են` Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանությունը բացահայտելու համար», - պարզաբանում է թերթը` հավելելով. - «Չնայած` տվյալ պարագայում «բացահայտում» բառը, թերեւս, պետք է չակերտավորել»:

«Հայք»-ի մեկնաբանը, փաստելով, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների պաշտոնյաները «այնքան պատասխանատվություն ունեցան, որ նրանցից շատերը հրաժարական տվեցին իրենց պաշտոններից, որ չէին կարողացել կանխել ահաբեկիչներին», զուգահեռել է. - «Իսկ Հայաստանում ոչ միայն հրաժարական չեն տալիս, այլեւ հավակնում են ավելի բարձր պաշտոնների՝ պաշտպանության նախարարի, վարչապետի, նույնիսկ՝ ՀՀ նախագահի»։ «ՀՀԿ-ի ողջ վերնախավը հոկտեմբերի 27-ից հետո կոկորդները պատռելով պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ավելին, Գալուստ Սահակյանի ու իր ընկերների բաղձալի երազանքն էր Սերժ Սարգսյանին պատասխանատվության ենթարկելը, ինչի մասին խոսում էին առանց թաքցնելու», - հիշեցրել է մեկնաբանն ու հավելել. - «Սերժ Սարգսյանն այսօր ՀՀԿ-ի ղեկավարն է, իսկ Սահակյանն ու իրենց սկզբունքային հանրապետականներ համարողները դարձել են Սերժ Ազատիչի ձեռքի գործիքը։ Գալուստ Սահակյանն իր նախկին հակառակորդի աչքը մտնելու համար նրա եղբորն է սեփական որդու հարսանիքի քավոր դարձնում, որ դառնա Սարգսյանի «ասոբո պրիբլիժոննին... Նույնն է նաեւ մյուս հանրապետականների դեպքում»։

«Վերապահ սպասելիքներ» վերնագրի տակ «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը գրել է. - «Լեւոն Տեր Պետրոսյաի առաջադրումը ՀՀ նախագահի պաշտոնում կարող է քաղաքական դիսկուրս մտցնել առաջիկա նախընտրական կամպանիայի մեջ, որովհետեւ նա իր գաղափարներով կտրուկ կտարբերվի իշխանության եւ ընդդիմության բոլոր թեկնածուներից, եւ վերջիններս, ի դեպ, ստիպված են լինելու հանդես գալ «միասնական ճակատով», քանի որ, ըստ էության նույն գաղափարախոսության կրողներն են»։ «Շանսեր կան նաեւ, որ առաջին նախագահի անձնական պարկեշտությունն ու հայրենասիրությունը կարող են նպաստել այսօրվա համակարգի ապամոնտաժմանը՝ համակարգ, որտեղ կոռուպցիան եւ գանձագողությունը կազմակերպվում են «պետական մակարդակով», - հավելել է խմբագրականը։

«Ժամանակ-Երեւան» թերթը խմբագրականը, փոխանցելով, որ սեպտեմբերի 9-ին Վանաձորի «Լոռի» հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել մարզային դատախազի սպանության գործով մի խումբ ձերբակալվածների, նրանց հարազատների եւ հարցաքննության ենթարկված այլ անձանց խոսքը, գնահատել է. - «Սա առաջին դեպքն է, երբ Վանաձորի հեռուստատեսությամբ նման հաղորդում է հեռարձակվում, թեեւ անցյալում նման բազում դեպքեր են եղել, որոնք դուրս են մնացել հանրության ուշադրությունից։ Նման համարձակության պատճառը թերեւս այն է, որ այս անգամ իրավապահի ոտնձգությունների առարկան է դարձել քաղաքապետի եղբորորդին։ Ինչպես ասում են, այդ ուղտը նրանց դռանն էլ չոքեց»։ «Այնպես որ, ոչ ոք երաշխավորված չէ անօրինությունից, եթե երկիրը ոտից գլուխ թաղված է անօրինությունների մեջ։ Պարզապես՝ մեկին դա շուտ է հասնում, մյուսին՝ շատ ավելի ուշ», - որակել-եզրակացրել է խմբագիրը։

Փաստելով, որ վերջին շրջանում հայկական դրամը որոշ չափով արժեզրկվել է, «Հայոց Աշխարհ»-ի տնտեսական մեկնաբանը, գնահատել է. - «Դրանով հանդերձ, արժութային շուկայում նկատվող զարգացումները գոնե առայժմ դժվար է լուրջ տատանումներ համարել: Դժվար է միանշանակ ասել, թե ինչով են պայմանավորված շուկայում նկատվող զարգացումները»։ «Չի բացառվում, որ դրանք այս կամ այն ձեւով կապված լինեն Հայաստանում տեղի ունեցող գնաճային միտումների հետ», - ընդգծել է մեկնաբանը` չբացառելով, որ «այլ գործոնների թվում, դոլարի նկատմամբ ներկայացվող պահանջարկի մեծացումը պայմանավորված է ներմուծումային ակտիվությամբ»: «Այդուամենայնիվ, շուկան դեռեւս անհավասարակշիռ վիճակում է եւ սպասումների մեջ», - եզրակացրել է մեկնաբանը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG