Մատչելիության հղումներ

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստ է մեկնել Բաքու


Ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստ է մեկնել Բաքու` մասնակցելու սեպտեմբերի 17-ին մեկնարկող աշխարհի առաջնությանը: Բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարված են, եւ դեռեւս խնդիրներ չեն ծագել: «Ազատություն» ռադիոկայանին այս մասին հայտնեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լեւոն Վարդանյանը:

Հայկական պատվիրակությունը երկու խմբով մեկնելու է Թբիլիսի, այնտեղից էլ` Բաքու: Լեւոն Վարդանյանի խոսքերով` տոմսերն արդեն գնված են, իսկ մուտքի արտոնագրերը պատվիրակությունը պետք է ստանա Բաքվի օդանավակայանում:

Անդրադառնալով վերջին օրերին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներով տարածված այն տեղեկություններին, թե Հայաստանի հավաքականը կարող է չմասնակցել աշխարհի առաջնությանը, քանի որ մասնակցության հայտ դեռեւս չի ներկայացրել, Վարդանյանը նշեց, որ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարտինետին պաշտոնական նամակով Հայաստանի հավաքականին տեղեկացրել է մրցաշարին մասնակցելու իրավունք ստանալու մասին եւ հաջողություն է մաղթել:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը վստահեցրեց, որ հավաքականը աշխարհի առաջնությանը լրջորեն է մոտենում` տարբեր ուսումնամարզական հավաքներ է անցկացրել, մասնակցել է միջազգային մրցաշարերի: Այս օրերին էլ հայ ըմբիշները վերջին ուսումնամարզական հավաքն են անցկացնում Երեւանում:

«Մեր հավաքականը Բաքու է մեկնում ուժեղագույն կազմով: Հավաքականի առաջատար ըմբիշներն այս պահին լավ մարզավիճակում են: Նրանց առջեւ դրված հիմնական խնդիրը աշխարհի առաջնությունում հաջող հանդես գալն է, ինչը թույլ կտա ստանալ օլիմպիական խաղերին մասնակցելու վարկանիշ», - ասաց Լեւոն Վարդանյանը:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG